Wednesday, April 30, 2008

Մարդու իրավունքների զեկույց 2007Թ.

  Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ Պետ. Դեպարտամենտի Հայաստանում  Մարդու իրավունքների տարեկան զեկույցի Հասարակական ազատությունների վերաբերյալ մասը: Նյութն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ :

ՄԱՍ 2. ՀԱՐԳԱՆՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

ա) Խոսքի և մամուլի ազատություն

Սահմանադրությամբ ամրագրվում է խոսքի և մամուլի ազատությունը, սակայն գործնականում կառավարությունն ընդհանուր առմամբ չի հարգել այս իրավունքները: Գրանցվել են բռնության, ահաբեկման ու ինքնագրաքննության դեպքեր մամուլում:

Օգոստոսի 18-ին չորրորդ Համահայկական խաղերի բացման ժամանակ Երևանում ոստիկանությունը թույլ չի տվել մի քանի քաղաքացիների կառավարությանը քննադատելու համար բանտում հայտնված մարդկանց ազատելու կոչ անող թռուցիկներ բաժանել խաղերի մասնակիցներին ու միջոցառմանը ներկա անձանց: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների ոստիկանությունը կարճ ժամակավով կալանավորել և ավելի ուշ ազատ էր արձակել երեք հոգու, իսկ բաժանվելիք թռուցիկներն առգրավվել:

Ըստ հաղորդումների օգոստոսի 26-ին Համահայկական խաղերի փակման ժամանակ ոստիկանությունը խոչընդոտել է մայիսի 12-ին ոստիկանությունում կասկածելի հանգամանքներում մահացած Լևոն Գուլյանի ընտանիքի անդամների կողմից թռուցիկների տարածմանը: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների ներկա ոստիկաններն առգրավեցին թռուցիկները` նշելով, որ դրանցում ոստիկանությանը հեղինակազրկող մեղադրանքներ կան ու սպառնացին ձերբակալել նրանց, ովքեր կամավոր չեն հանձնի թռուցիկները:

Հոկտեմբերի 30-ին ոստիկանությունը քրեական մեղադրանք ներկայացրեց երկու ընդդիմադիր թերթերի խմբագիրների` “Հայկական ժամանակի” խմբագիր Նիկոլ Փաշինյանին ու “Չորրորդ իշխանության” խմբագիր Շողեր Մաթևոսյանին: Նրանք երկուսն էլ մասնակցել էին հոկտեմբերի 23-ին կայացած ընդդիմության երթին, որը ցրվել էր ոստիկանության կողմից: Մեղադրանքներն էին. “խմբակային խուլիգանական արարք” և “բռնություն իշխանության ներկայացուցչի դեմ”: Տարեվերջի դրությամբ խմբագիրների նկատմամբ մեղադրանքները դեռ առկախ էին:

Ըստ հաղորդումների հոկտեմբերի 14-ին նախագահի թեկնածու ու նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի կառավարությանը քննադատող ելույթը հեռարձակելուց հետո Գյումրու անկախ Գալա հեռուստաընկերությունը դարձավ տարբեր պետական մարմինների ծավալուն ստուգումների թիրախ` նպատակ ունենալով փակել հեռուստակայանը կամ հաղորդումների բովանդակային մասը համահունչ դարձնել պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցների բովանդակային մասին: Հոկտեմբերի 31-ին Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) սկսեց աուդիտ ընկերությունում` նախապես հոկտեմբերի 25-ին տրված հարցազրույցում նշելով, որ ընկերությունը խախտել է հարկային կանոնակարգերը: Նոյեմբերի 14-ին ՀՊԾ-ը մեղադրեց Գալա հեռուստաընկերությանը վերջին երկու տարիների ընթացքում շուրջ 86000 ԱՄՆ դոլար (26 միլիոն ՀՀ դրամ) հարկերից խուսափելու մեջ: Գալա հեռուստաընկերության հիմնադիր “Չափ” ընկերությունը չընդունեց այդ մեղադրանքն ու հայտարարեց, որ աուդիտի արդյունքները քաղաքական շարժառիթներ ունեն: ՀՊԾ-ն աուդիտից հետո դիմեց տնտեսական դատարան` Գալա հեռուստաընկերության բանկային հաշիվներն ու ակտիվները սառեցնելու պահանջով: Պահանջը սկզբում չբավարարվեց, սակայն մեկ շաբաթ անց, երբ տնտեսական դատարանի հաղորդմամբ ՀՊԾ-ն ներկայացրեց պահանջը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր, արգելանք դնելու թույլտվությունը տրվեց: Բացի այդ, ՀՊԾ-ը մեղադրեց Գալա հեռուստաընկերությանը իր հեռարձակումների համար պետությանը պատկանող հեռուստաաշտարակը անօրինականորեն օգտագործելու մեջ: Գյումրու քաղաքապետը դիմեց տնտեսական դատարան Գալա հեռուստաընկերության հաղորդակը աշտարակից հանելու հայցով: Գալա հեռուստաընկերությունը դիմեց տնտեսական դատարան` բողոքարկելով ՀՊԾ-ի աուդիտի արդյունքները: Գալա հեռուստաընկերության դեմ բոլոր գործերը տարեվերջի դրությամբ առկախ էին:

Նոյեմբերի 6-ին ՀՊԾ-ի կողմից Գալա հեռուստաընկերությունում աուդիտի անցկացման ժամանակ տեսուչներից մեկը հարձակում էր գործել աուդիտի ընթացքը տեսագրող օպերատորի վրա` փորձելով խեղդել նրան ու ձեռքից վերցնել տեսախցիկը: Օպերատորի բողոքելուց հետո ոստիկանությունը քննություն սկսեց այս գործով, սակայն նոյեմբերի 30-ին որոշվեց քրեական գործ չբացել: Դեկտեմբերի 24-ին Գալա հեռուստաընկերությունը դիմել է գլխավոր դատախազությանը` բողոքարկելու ոստիկանության այդ որոշումը:

Դեկտեմբերի 6-ին հարկային տեսուչներն առգրավեցին “Այլընտրանք” ընդդիմադիր քաղաքական շարժման պատվերով տպագրված հազարավոր թռուցիկներ, որոնք հայտարարում էին Երևանում դեկտեմբերի 8-ին կայանալիք ընդդիմադիր երթի մասին: Ըստ հաղորդումների ընդդիմադիր ակտիվիստ Արտակ Առաքելյանը վեց ժամ մնացել է կալանքի տակ և տուգանվել է 50 ԱՄՆ դոլարի (15000 դրամի) չափով այն բանի համար, որ թռուցիկների ծագումը հաստատող փաստաթղթեր չուներ: ՀՊԾ անձնակազմը ստուգել է նաև Վան Արյան տպագրատան հաշվապահական գրքերն ու կարճ ժամանակով բերման ենթարկել աշխատողներից մեկին:

Դեկտեմբերի 13-ին “Չորրորդ իշխանություն” ընդդիմադիր թերթի գրասենյակը ցնցվեց պայթյունից, որը թերթի գլխավոր խմբագիրը կապում է կառավարությանը քննադատող հրապարակումների հետ: Պայթուցիկ սարքը տեղադրված էր գրասենյակի մուտքի մոտ: Պայթյունը տեղի ունեցավ վաղ առավոտյան` վնասելով դուռն ու գրասենյակի կահույքի մի մասը: Պայթյունի ժամանակ գրասենյակում ոչ ոք չկար, քանի որ դա աշխատանքային օրը սկսելուց ժամեր առաջ էր եղել: Ոստիկանությունը այս փաստի կապակցությամբ քննություն է սկսել, որը տարեվերջի դրությամբ դեռ ընթացքի մեջ էր:

2006 դեկտեմբերին իշխանությունները ձերբակալեցին քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանին ու Վարդան Մալխասյանին քաղաքական հավաքի ժամանակ իրենց ունեցած ելույթների համար` պնդելով, թե վերջիններս պլանավորում էր հեղաշրջում:

Թերթերի մեծ մասը մասնավոր են, բացառությամբ պետական ֆինանսավորմամբ գործող “Հայաստանի Հանրապետություն” ու դրա ռուսալեզու տարբերակ “Ռեսպուբլիկա Արմենիա” թերթերի: Տպագիր լրատվամիջոցներն ակտիվորեն հետևել են լրատվությանը և առանց սահմանափակումների արտահայտել են տարբեր կարծիքներ, բայց ոչ մի թերթ ամբողջովին անկախ չի եղել տնտեսական կամ քաղաքական շահեր հետապնդող խմբերի կամ անհատների հովանավորչությունից:

Թերթերի փոքր տպաքանակի պատճառով հիմնականում մարդիկ նորություններ և տեղեկություններ են ստանում հեռուստատեսության և ռադիոյի միջոցով: Ամբողջ հանրապետությունում եղել են 14 ռադիոկայան և 42 հեռուստաընկերություն, որոնց մեծ մասը մասնավոր է: Մասնավոր հեռուստաալիքները հեռարձակել են լավ տեխնիկական որակի նորություններ. սակայն հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների նորությունների բովանդակային որակը տարբեր է եղել: Կայանների մեծ մասը հանդիսացել են կառավարամետ քաղաքական գործիչների կամ ազդեցիկ գործարարների սեփականություն, որը եղել է լրագրողներին ինքնագրաքննության մղող գործոն: Ընդհանուր առմամբ, հեռարձակող մամուլը կառավարամետ գիծ է պահպանել: Հայաստանի բոլոր հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները խուսափել են կառավարությանը քննադատող խմբագրական մեկնաբանություններից ու լրատվությունից:

Երկրում գործող վերջին անկախ Ա1+ հեռուստակայանը տարեվերջի դրությամբ դեռ մնում էր առանց եթերային հաճախականության: Ա1+ հեռուստաընկերությունը եթերազրկվեց 2003թ., երբ կառավարությունը չեղյալ համարեց վերջինիս տրված հաճախականությունը, մի քայլ, որում շատ դիտորդները նկատեցին քաղաքական դրդապատճառներ: Ա1+ ընկերությունը, որ 2003թ. ի վեր հեռարձակման լիցենզիա ստանալու 12 անհաջող դիմում էր ներկայացրել, տարվա ընթացքում նոր դիմում չի ներկայացրել:

Մայիսի 12-ի ընտրություններին նախորդող 40-օրյա նախընտրական ժամանակահատվածում հեռարձակող լրատվամիջոցներն ավելի առատաձեռն էին ընդդիմադիր քաղաքական գործիչների լուսաբանմանը հատկացված ժամանակի հարցում, քան նախորդ տարիներին: Մի քանիսին հնարավորություն տրվեց եթերից ներկայացնել իրենց ծրագրերն ու դիրքորոշումները: Հանրային հեռուստատեսությունը պահպանել է օրենքի պահանջը` տրամադրել ընտրապայքարի մեջ մտած յուրաքանչյուր կողմին օրական երկու րոպե անվճար եթերաժամ, որորնք արվում էին առանց խմբագրական սահմանափակումների: Այնուհանդերձ, իր անցկացրած մամուլի մոնիտորինգի հիման վրա ԵԱՀԿ-ն հաղորդել է, որ հեռուստատեսությամբ մատուցվող առավել ընդգրկուն լուսաբանումը քննադատական մեկնաբանություններ չէր ներառում:

Հոկտեմբերից մինչև դեկտեմբերի կեսը, 2008թ. փետրվարի նախագահական ընտրությունների նախաշեմին, TEAM հետազոտական կենտրոնը Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի հայկական մասնաճյուղի ու Երևանի մամուլի ակումբի հետ անցկացրել է հեռարձակվող լրատվամիջոցների մոնիտորինգ: Տարվա ընթացքում հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսներին երկու միջանկյալ զեկույց է հրատարակվել: Զեկույցը բացահայտում է նախագահական երկու թեկնածուների` վարչապետ Սերժ Սարգսյանի ու նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ խիստ կողմնակալ լուսաբանումների առկայությունը: Մասնավորապես` լայնորեն լուսաբանվել է վարչապետի պաշտոնեական գործունեությունը ` հիմնականում չեզոք կամ դրական լույսի ներքո, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին վերաբերող լուսաբանումները մեծամասամբ բացասական լույսի ներքո են վերջինիս ներկայացրել, իսկ հազվադեպ դեպքերում դրանք չեզոք են եղել:

Միջազգային լրատվամիջոցները հիմնականում ազատ են գործել: Հուլիսին Հանրային ռադիոն տեղեկացրեց “Ազատություն” ռադիոկայանին, որ օտարերկրյա հեռարձակումների մասով նոր քաղաքականություն է որդեգրել ու այլևս օտարերկրյա ծրագրերի համար եթեր չի տրամադրելու: “Ազատություն” ռադիոկայանը հանրային ռադիոյի եթերով հեռարձակվող միակ օտարերկրյա ծրագիրն էր, ու նաև միակ ռադիոհեռարձակողը, որը ներկայացնում էր քննադատական տեսակետներ կառավարության վերաբերյալ: Ի վերջո, “Ազատություն” ռադիոկայանը ստորագրեց համաձայնագիր իր ծրագրերը մասնավոր ռադիոեթերով հեռարձակելու վերաբերյալ, որի սփռման շրջանակը երկրի մակարդակով ավելի փոքր էր, քան Հանրային ռադիոյինը:

Կեղծիքի ու խարդախության համար հունիսին Երևանի դատարանը լրագրող Գագիկ Շամշյանին դատապարտեց 30-ամսյա պայմանական ազատազրկման` երկու տարի փորձաշրջանով: Դատարանը նաև պահանջեց, որ նա վճարի 580 ԱՄՆ դոլար (200000 դրամ) մասնավոր հայցվորին: Սա եղավ մի միջադեպից հետո, երբ 2006թ. Շամշյանը հրապարակավ տեղի քաղաքական մի առաջնորդի ընտանիքի մասին մեղադրանքներ հնչեցրեց, որոնցից նա հետագայում հրաժարվեց ֆիզիկական հարձակումից հետո:

Ոստիկանությունը տարվա ընթացքում բռնացել է լրագրողներին: Մայիսի 9-ին, երբ ցրում էին մի քանի ընդդիմադիր կուսակցություններ միավորող Իմփիչմենթ դաշինքի նախընտրական հանրահավաքը, ոստիկանները ուժ են կիրառել երկու լրագրողների հանդեպ. “Հայաստանի Հանրապետություն” օրաթերթից Ծովինար Նազարյանի և, մի շարք ընդդիմադիր թերթերի համար աշխատող արտահաստիքային լրագրող Գագիկ Շամշյանի հանդեպ: Ոստիկանությունը փորձ է արել առգրավել Շամշյանի տեսախցիկը, սակայն հանրահավաքի մասնակիցները դա թույլ չեն տվել: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Նազարյանի վրա, որը փորձում էր նկարահանել ոստիկանական գործողություններըը:

Հոկտեմբերի 25-ին “Չորրորդ իշխանության” լրագրող Գոհար Վեզիրյանը տեղափոխվել է հիվանդանոց ուղեղի ցնցումով, որն ըստ հաղորդումների ստացել էր հոկտեմբերի 23-ի երթը ցրելու ժամանակ, երբ ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ ու մահակներ:

Տարվա ընթացքում եղել են լրագրողների նկատմամբ ոտնձգությունների ու ահաբեկման փաստեր անհայտ անձանց կողմից:

Հունվարին անհայտ անձինք հրկիզել են “Ֆուտբոլ պլյուս” շաբաթաթերթի խմբագիր Սուրեն Բաղդասարյանի ավտոմեքենան: Հրկիզման նմանատիպ մի փորձ էլ եղել էր 2006թ. փետրվարին, երբ Բաղդասարյանը անդրադարձել էր այն հանգամանքին, որ Հայաստանի թիմը հրաժարվել էր խաղալ Ադրբեջանի թիմի հետ: Ոստիկանությունը անմիջապես քննություն սկսեց, սակայն տարեվերջի դրությամբ հրկիզողները դեռ չէին հայտնաբերվել:

Փետրվարի 8-ին անհայտ անձինք հրկիզել են Panorama.am ինտերնետային լրատվականի տնօրեն ու “Իմ իրավունք” շաբաթաթերթի խմբագիր Արա Սաղաթելյանի մեքենան: Տարեվերջի դրությամբ ոստիկանության քննությունը դեռ շարունակվում էր:

Սեպտեմբերի 15-ին երկու անհայտ հանցագործներ հարձակվել են “Իսկական իրավունք” ընդդիմադիր թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի վրա ու մետաղյա ձողերով ծեծել նրան. Գալաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Գլխավոր դատախազությունը այս փաստով անհապաղ քննություն է սկսել, սակայն տարեվերջի դրությամբ գործով նոր զարգացումներ չկային: Գալաջյանը նմանատիպ հարձակման զոհ էր դարձել 2006թ. սեպտեմբերին, սակայն մեղավորներն այդպես էլ չեն հայտնաբերվել կամ ձերբակալվել:

“Ժամանակ Երևան” ընդդիմադիր օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանը, որը դատապատվել էր 2006թ. սեպտեմբերին փաստաթղթերի կեղծման ու զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով, դեռ բանտում էր: Բաբաջանյանն ընդունում էր իր մեղավորությունը, սակայն շատերը կարծում էին, որ 4 տարվա ազատազրկումը սովորականից խիստ պատիժ էր, իսկ որոշ դիտորդների գնահատմամբ նա օրենքի ընտրողական կիրառման զոհ էր դարձել: Հունվարի 12-ին վերաքննիչ դատարանը մեղավոր ճանաչելու մասին վճիռն անփոփոխ թողեց, սակայն պատժաչափը նվազեցրեց վեց ամսով: Տարվա ընթացքում դատարանը երկու անգամ` օգոստոսին և դեկտեմբերին, մերժել է պայմանական ազատ արձակելու նրա դիմումները:

Ինտերնետի ազատություն

Կառավարությունը չի սահմանափակել ինտերնետից օգտվելու հնարավորությունը, չեն եղել հաղորդումներ այն մասին , որ կառավարությունը հսկել է էլեկտրոնային փոստը կամ ինտերնետային ճեպազրույցները: Անհատներն ու խմբերը կարողացել են խաղաղ կերպով արտահայտել իրենց տեսակետները ինտերնետով, ներառյալ՝ էլեկտրոնային փոստով: Քաղաքներում կան բազմաթիվ ինտերնետ–սրճարաններ, չնայած տեղական ինտերնետ ծառայության մատուցման կապը նորմալ օգտվելու համար հաճախ շատ դանդաղ է:

Ուսումնակրթական ազատություն ու մշակութային միջոցառումներ

Ընդհանուր առմամբ, ուսումնակրթական ազատության ու մշակութային միջոցառումների մասով սահմանափակումներ կառավարության կողմից չեն եղել: Այնուհանդերձ, մարտի 15-ին Երևանի պետական համալսարանի ղեկավարությունն աշխատանքից ազատել է դասախոս Սասուն Սարիբեկյանին իբր դասախոսությունների ընթացքում իշխանություններին քննադատելու ու ընդդիմադիր մի գործչի հետ ուսանողների հանդիպումը կազմակերպելու պատճառով:

Tuesday, April 29, 2008

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ` ՚ՈՉ ԱԶԱՏՙ

Այսօր Վաշինգտոնում տեղական ժամանակով ժամը 14-ից 15.45-ը Freedom House հեղինակավոր կազմակերպությունը կհրապարակի իր ամենամյա զեկույցը 195 երկրներում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ: Նման հետազոտություններ անց են կացվում 1980 թվականից ի վեր:

Արդեն հայտնի է, որ հինգերորդ տարին անընդմեջ հայաստանյան մամուլը Freedom House-ի կողմից գնահատվել է որպես ՚ոչ ազատՙ:

՚Մասնավոր թերթերից քչերն են ինքնաֆինանսավորվող, եւ մեծ մասը կախված են գործարար շրջանակներից ու իշխանական կապերից: Հեռուստաընկերությունների մեծ մասը եւս տնօրինում են կա’մ իշխանամետ քաղաքական գործիչները, կա’մ իշխող կուսակցության հետ կապեր ունեցող գործարարներըՙ,- ընդհանուր գծերով Freedom House-ը այսպես է ներկայացրել հայաստանյան լրատվական դաշտը:

2007 թվականին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Հայաստանը խոսքի ազատության բնագավառում մի փոքր նահանջ է արձանագրել, եւ այժմ աշխարհի շուրջ 195 երկրների շարքում զբաղեցնում է 144-րդ հորիզոնականը` կիսելով այն Գվինեայի, Մալդիվյան Հանրապետության, Մոլդովայի եւ Պակիստանի հետ:

Անդրադառնալով այդ նահանջի շարժառիթներին` կազմակերպության հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը ՚Ազատությունՙ ռադիոկայանի հետ զրույցում առանձնացրել է հատկապես իշխանությունների կողմից ճնշումները, որոնք, զեկույցի համաձայն, ՚իրենց գագաթնակետին են հասել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչպես նաեւ տարեվերջին` 2008 թվականի նախագահական ընտրությունների շեմինՙ:

Կազմակերպությունը նշում է, որ քարոզարշավի ընթացքում, ըստ լրատվական դաշտը դիտարկող խմբերի, էլեկտրոնային լրատվամիջոցները իրենց հաղորդումներում առավելապես իշխանամետ են եղել, թեեւ ընդդիմադիր թեկնածուները, ի տարբերություն նախորդ ընտրական շրջանների, այս անգամ ավելի շատ լուսաբանման են արժանացել:

՚Էլեկտրոնային լրատվամիջոցների մոնիտորինգը ցույց է տալիս, որ նախագահի երկու առաջատար թեկնածուների լուսաբանումը խիստ կանխակալ է եղել. նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ստացել է առավելապես դրական լուսաբանում, նախկին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանը` խիստ քննադատականՙ, - փաստում է Freedom House-ը:

՚Lրատվամիջոցների նկատմամբ ճնշում կար` չլուսաբանել ընդդիմադիր գործիչներինՙ, - գրում է հեղինակավոր կազմակերպությունը եւ փաստում, որ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ինտենսիվ ճնշումների է ենթարկվել, երբ հեռարձակել է առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը. - ՚Հարկային մարմինները սկսեցին ստուգումներ իրականացնել հեռուստաընկերությունում, ինչը ներկայանում է որպես իշխանությունների կողմից աջակցվող ջանք` կայանը փակելու նպատակովՙ:

Զեկույցը հիշատակում է նաեւ ՚Չորրորդ իշխանությունՙ թերթի խմբագրության շեմին անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած պայթյունը, որը փորձագետները կապում են իշխանությունների հասցեին ընդդիմադիր պարբերականի տպագրած քննադատական հրապարակումների հետ: Նշվում է, որ թերթի լրագրողները տարվա ընթացքում բանավոր եւ ֆիզիկական հարձակումների են ենթարկվել:

Սկզբնաղբյուր www.a1plus.am

Friday, April 25, 2008

Օրվա սուտ լուրը

Երթի մասնակիցները Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հուշահամալիրի հարևանությամբ, մի-քանի րոպե շարունակ գոռացել են "Լևո՛ն նախագահ":

Ապրիլի 24-առանց մեկնաբանության

Նամակ Հ1-ին - նախագիծ

Բոլորիս համար ակնհայտ էր, որ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների որակը վերջնականապես ձևավորելու է Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը: Զբաղված լինելով Արևմուտքից ընտրական պրոցեսների բացասական կողմերը քողարկելով, մեր իշխանությունների ռեսուրսները չհերիքեցին նույնանման ուշադրության արժանացնել նաև հայ քաղաքացուն: Ուստի առճակատումն անխուսափելի էր…
Սակայն անգամ ամենահոռետես քաղաքացիները չէին ակնկալում, որ այն կբերի այսքան ողբերգական ներքին զարգացումների: Կան զոհվածներ, կան ձերբակալվածներ, կան վիրավորներ, կան ընկճվածներ… միայն շահող չկա: Այս ամենի արդյունքում տուժեց հայությունը: Մեր հասարակության մեջ նկատվում է աննախադեպ պառակտվածություն: Եվ այդ պառակտումը հատկապես զգալի է երիտասարդության շրջանում: Էությամբ լինելով ըմբոստ և ազատատենչ նրանք բաժանվեցին երկու, իրար չընկալող ու չհասկացող ճամբարների: Իրար հետ մեծացած, միասին մանկությունն անց-կացրած քսանամյա տղաներն այլևս իրար չեն ընկալում որպես մանկության ընկերներ: Եվ դրա պատճառը միակն է` նրանք ստացել են տեղեկատվություն տարբեր լրատվամիջոցներից: Նրանք տիրապետում են բացարձակապես իրարամերժ տեղեկությունների, ուստի իրար չեն կարող լսել ու հասկանալ:
Մենք չենք պատրաստվում անդրադառնալ միակողմանի ինֆորմացիայի տարածման գործում Ձեր հեռուստաալիքի մասնաբաժնին, սակայն բոլորին է ակնհայտ, որ այսօր հասարակության կողմից Հանրային Հեռուստաալիքը չի ընկալվում որպես հանրային: Այդ իսկ պատճառով պահանջում ենք ձեզանից կամք դրսևորել և լինել այն հեռուստաալիքը, որի առաքելությունը Դուք ունեք և որի համար ֆինանսավորում եք ստանում պետական բյուջեից: Մենք պահանջում ենք, որպեսզի դուք կատարեք Ձեր նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պարտավորություններին, մասնավորապես
1. տրամադրել ամբողջական և անաչառ տեղեկատվություն,
2. անդրադառնալ հասարակությանը հուզող հարցերին:

Եթե առաջին պահանջը կատարելու համար պարզապես պետք է վերացնել գրաքննությունը ձեր հեռուստաալիքում, ապա երկրորդ պահանջը կյանքի կոչելը միգուցե այնքան էլ հեշտ չէ: Մենք Ձեզ կոչ ենք անում սկսել երիտասարդությունից, ոչ միայն որովհետև (ինչպես վերը նշվեց) այն մեր հասարակության ամենազգայուն մասն է, այլ նաև այն պատճառով, որ երիտասարդությունն է ցանկացած ազգի հպարտությունն ու շարժիչ ուժը, ուստի մենք պարտավոր ենք այնպես անել, որ մեր երիտասարդները լինեն միասնական և համերաշխ:
Այդ իսկ պատճառով կոչ ենք անում Ձեր եթերում ժամանակ հատկացնել և բանավեճերի միջոցով գտնել շփման եզրեր այլախոհ երիտասարդների միջև: Մեր խորին համոզմամբ դրա ամենաարդյունավետ միջոց հանդիսանում է այլակարծիք երիտասարդների և հասարակության կողմից ընդունված և հարգված այրերի միջև առողջ բանավեճը:
Սակայն, եթե այդպիսի հաղորդումների ընթացքում դուք հրավիրեք միայն իշխանություններին սպասարկող կուսակցությունների երիտասարդական թևերի կամ ԲՈՒՀ-երի քաղաքկանացված ուսանողական խորհուրդների անդամների և ծավալեք “ֆիկտիվ” և բովանդակությունից զուրկ քննարկում, ապա վստահ եղեք, որ այդ նախաձեռնությունը դատապարտված է ձախողման, քանզի հասարակությունը վաղուց է հոգնել նման թատերական խեղկատակություններից:
Մենք հետամուտ ենք լինելու այս առաջարկի կյանքի կոչմանը և պատրաստ ենք օգնել հնարավորի սահմաններում: Իսկ եթե զգաք իրական բանավիճելու պատրաստ մարդկանց կարիք, ապա “ՀԻՄԱ” երիտասարդական նախաձեռնության հարյուրավոր անդամներից յուրաքանչյուրը Ձեր տրամադրության տակ է:

24.04.2008 “ՀԻՄԱ” երիտասարդական նախաձեռնություն

Thursday, April 24, 2008

Հիմա էլ են ձերբակալում

Ապրիլի 23-ի երեկոյան ժամը 19:40-ի սահմաններում "Նոյյան Տապան" գրախանութի դիմացից Ոստիկանության Կենտրոն բաժին է բերման ենթարկվել "Հիմա" երիտասարդական նախաձեռնության անդամ 26-ամյա Արսեն Թորոսյանը: Ծանոթանալով թռուցիկների բովանդակության հետ և պարզելով որ Արսենի բաժանած թռուցիկներում պարզապես տեղյակ էր պահվում ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ երթի մասին, ոստիկաններըը նրան ազատ արձակեցին:
Նույն օրը երեկոյան 22:00 սահմաններում Արսենին տեսել են չարաբաստիկ "Նոյյան Տապան" գրախանութի մոտ՝ ընկերներով շրջապատված: Նա ձեռքում ուներ պահած կարմիր կակաչ, որը հավանաբար նվեր էր ստացել իր ընկերուհուց՝ ցուցաբերած անվախության և համարձակության համար:

Ստորև բերում ենք թռուցիկի բովանդակությունը.

Սիրելի հայրենակիցներ

Ազատության, արժանապատվության և արդարության համար Հայաստանի քաղաքացիների համաժողովրդական շարժումը փորձ արվեց ջարդել մարտի մեկի արյունալի ոճրագործությամբ: Չի հաջողվելու. ապրիլի 24-ը կրկին դառնալու է չդադարած պայքարի նոր սկիզբ, որն ավարտվելու է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ձեռքբերմամբ:
Ապրիլի 24-ին ժամը 15-ին Ազատության հրապարակից և հարակից տարածքից լուռ երթով կշարժվենք դեպի Մեծ Եղեռնի հուշարձան: