Friday, June 6, 2008

Հայտարարություն

Բոլոր այն երիտասարդներին, ովքեր մտահոգ են մեր երկրում մարդու
իրավունքների ոտնահարման, քաղաքական հալածանքների խնդիրներով և ձգտում են
ներդրում ունենալ այդ խնդիրների լուծման մեջ, հրավիրում ենք մասնակցելու սույն
թվականի հունիսի 7-ին ժամը 13:00-ին Գրողների Միության մեծ դահլիճում կայանալիք
երիտասարդական ֆորումին` նվիրված Արցախյան ազատամարտի հերոս, "Ազատագրված
տարածքների պաշտպանություն" հասարակական նախաձեռնության համակարգող,
ներկայումս քաղբանտարկյալ Ժիրայր Սէֆիլյանին:

Ֆորումի կազմակերպիչներն են "Հույս" հ/կ-ն և "Հիմա" երիտասարդական նախաձեռնությունը:

Ժիրայչ Սեֆիլյանի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Wednesday, June 4, 2008

Բաց նամակներ կոալիցիոն իշխանության կուսակցություններին

Այսօր ՀԻՄԱ և ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴ երիտասարդական նախաձեռնությունները նամակներ հանձնեցին կոալիցիոն չորս կուսակցությունների գրասենյակներին (Դրանք կարդացե’ք ստորև): Եվ…

Ազգային կուրծք…

Նախ երիտասարդ ակտիվիստները եղան Հայ Յեղափոխական Դաշնակցության գրասենյակում: Գրասենյակը գտնվում է մի հին, գողտրիկ շենքում, ինչը գոնե այս առումով պատիվ է բերում կուսակցությանը, որը չի ավերել այն և տեղը մի հարյուր հարկանի շենք սարքել: Մեզ դիմավորեց մի հաղթանդամ երիտասարդ, ջինսե զգեստով, շապիկի կոճակները մինչև վերջ արձակած, որի տակից երևում էր նրա ազգային կուրծքն ամբողջ հմայքով (փռչոտ): Երիտասարդը խոստացավ անպանայման հանձնել նամակը` նեղանալով երիտասարդների այն խոսքից, որ եթե նույնիսկ չհանձնի, այս նամակը Ձեր ղեկավարները վաղը կտեսնեն թերթերում:

Բա որ դատեն…

Քիչ հեռու գտնվում է Հանրապետական կուսակցությունը: Հիմայի և Հատուկ գնդի ակտիվիստներին տեսնելուն պես կուսակցության բակում գտնվող երիտասարդների մոտ իրարանցում սկսվեց: Ակտիվիստներից երկուսը խնդրեցին, որպեսզի կուսակցությունից մեկը դուրս գա և ընդունի նամակը: Մեր կոչին արձագանքած ՀՀԿ-ականի հարցադրումը մեզ ապշեցրեց. “հո ինձ չեն դատի սրա համար”… Էս տղան կամ ընդհանրապես կապ չուներ ՀՀԿ-ի հետ, միայն նրա վարչական գործերով էր զբաղվում և չգիտեր, որ “դատողն” իր կուսակիցներն են (դեռ), կամ էլ իրականում հավատացած է, որ շարժումն ուր որ է հաղթելու է և անկեղծորեն վախեցած էր իր ապագայի համար: Իզուր… Կուսակցությունից դեռ չէինք հասցրել հեռանալ, երբ մի տարիքով մարդ, որին հենց նոր տեսել էինք հանրապետականի ընդունարանում, վազելով մոտեցավ մեզ` նախ շնորհակալություն հայտելով, որ երիտասարդները հետամուտ են Սեֆիլյանի գործի արդարացի լուծմանը, ապա պատմեց, որ իրեն ուզում են դուրս հանել տանից և դրա համար եկել է ՀՀԿ: Երիտասարդները նրան խորհուրդ տվեցին ամեն դեպքում դիմել ՀՀԿ, բայց հույսը չկորցնել, քանի որ շուտով Հայաստանում լինելու է նոր իշխանություն և նրան այլևս ոչ մեկ չի կարող հանել իր տանից:

Բարգավաճ Զեյթուն…

Անկեղծ ասած, մեզ համար տարօրինակ էր, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության կենտրոնական գրասենյակը գտնվում է Զեյթունում: Բա ամոթ չի, քաղաքաքի կենտրոնում մի տեղ չգտաք? Ընդունարանի մի կողմում կուսակցության ղեկավարի նկարն է, որը գրկախառնվում է իր ընտրողների հետ, մյուս կողմում` մարդկանցով լեփ լեցուն Գյումրու կենտրոնական հրապարան է: Սա, կարծես, այն համերգի նկարն է, որի ժամանակ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ԲՀԿ-ն վիճակահանություն էր անցկացնել: Այս իրադարձությունը դարձել էր մեր մամուլի և, նույնիսկ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկման առարկա: ԲՀԿ-ում մեզ երկար սպասեցնելուց հետո հայտնեցին, որ կուսկցության փոխնախագահը Հիմայականներին չի կարող ընդունել (երևի վախեցել էր “Հայոց աշխարհի” շաբաթօրյա հրապարակումից):

Օրինաց երկիրը հաստատ իշխանություն է … կամ Արթուր 2

Այն ինչ տեղի ունեցավ Օրինաց երկիր կուսակցության կենտրոնական գրասենյակի ընդունարանում… Ճիշտն ասած, այսպիսի վերաբերմունք կարելի էր սպասել Բարգավաճից, ՀՀԿ-ից, ՀՅԴ-ից, բայց ոչ Օրինացից: Մինչ ակտիվիստներից մեկը փորձում էր պահակակետում տեղյակ պահել, որ այսպիսի նախաձեռնություն կա, որ իրենց պետք է նամակ հանձնեն, հայտնվեց մի կառոբկա, որը փորձեց ակտիվիստներին հրելով ու բղավելով դուրս հանել գրասենյակի մուտքից: Սրան երևի ասել էին, որ կուսակցության համար լավ դոշ տաս, քեզ պաշտոն կտան: Սա էլ, երևի, ուղղակի էր այդ ասածը հասկացել: Հո դոշ չէր տալիս (փրփրուն): Տեսնելով, որ նրա բղավոցները ազդեցություն չեն ունենում և հիմայականները չեն զիջում, կառոբկան անցավ սպառնալիքի: Այստեղ երիտասարդները հասկացան, որ ՕԵԿ-ը հաստատ իշխանություն է դարձել (ի դեպ, երիտասարդ պահակի անունը Արթուր էր): Այդ պահին կուսակցության մի քանի անդամներ հասան “դեպքի վայր” և հանդարտեցրին իրավիճակը: Նրանցից մեկը մեղավոր դեմքով մեզ փորձում էր բացատրել, որ նա ախռաննիկա: Այսինքն, տրամաբանությունն այն է, որ դե ըտենց էլ պետք է լինի, էլի… Չէ, այդպես այլևս չե’նք թողնելու, որ լինի: Մինչ այդ, Արթուրին հաջողվել էր ուժով և սպառնալիքով ջնջել տալ մինչ այդ ամբողջ վեճի նկարահանված տեսանյութը, որն իր տեսախցիկով նկարահանել էր Հիմայի ակտիվիստներից մեկ:Ակցիայի մասնակիցների համառությունը տվեց իր արդյունքը: ՕԵԿ-ական մի երիտասարդ նամակ հանձնողներից ներողություն խնդրեց, իսկ երիտասարդներն էլ պահաջեցին, որպեսզի համապատասխան միջոցառումներ ձեռք առնվեն, այսպիսի բաներ այլևս չկրկնելու համար:

Բաց նամակ ՙՀայ Հեղափոխական Դաշնակցություն՚ կուսակցությանը

2006 թվականից ի վեր Ժիրայր Սէֆիլյանը բանտարկված է, իսկ այսօր նրան պատրաստվում են արտաքսել: Կարիք չկա ձեզ ներկայացնելու ՙդաշնակցական՚ գումարտակի հայտնի հրամանատարի մարտական ուղին: Վստահ ենք, որ քաջածանոթ եք նաև ՙհեռացված դաշնակցականի՚ քաղաքական գործունեությանը, որի համար նա տևական ժամանակ հալածվում է իշխանությունների կողմից: Այդ հալածանքի պատասխանատվությունը կրում են նաև Կոալիցիայի կուսակցությունները և դրանց թվում, ոչ վերջին հերթում, Դաշնակցությունը:
Ձեր կողմից բազմիցս արված հավաստիացումները, թե Դաշնակցությունն ամեն ինչ անում է Ժիրայր Սէֆիլյանին ազատելու և նրա արտաքսումը թույլ չտալու համար, հավատ չեն ներշնչում, քանի որ Դաշնակցությունն այդպես էլ հանդես չեկավ Ժիրայրին վերաբերող պաշտոնական որևէ հայտարարությամբ, միջնորդությամբ կամ երաշխավորությամբ, կոալիցիոն գործընկերոջից երբեք չպահանջեց դադարեցնել հետապնդումները և քաղաքացիություն շնորհել Հայրենիքում հաստատված, նրա համար կռված սփյուռքահային: Հատկապես որ, ի տարբերություն դաշնակցականների մեծ մասի, նրա ուզածը երկքաղաքացիություն չէր, այլ Հայաստանի լիարժեք քաղաքացիություն: Ավելին, առանձին դաշնակցականներ նախաքննության շրջանում աջակցություն ցույց տվեցին քարոզչական ստին ու կեղծիքին` ՙվկայելով՚, թե ՙգիտեն՚, որ Ժիրայրը հեղաշրջում է նախապատրաստում, նույնիսկ պնդում էին, որ ՙգիտեն՚ նրա զենքերի տեղը:
Օրերս Հրանտ Մարգարյանը կողմ արտահայտվեց ՙբոլոր հայերին՚ քաղաքացիություն տալուն` նշելով, որ ՙխնդրել է՚ չարտաքսել Ժիրայր Սէֆիլյանին: Սակայն հայտարարությունները բոլորովին վճռական չէին և տպավորություն էր ստեղծվում, որ Դաշնակցության ղեկավարը, համոզված լինելով, որ Սեֆիլյանին միևնույն է արտաքսելու են, ընդամենը փորձում է ազատել իրեն այդ պատասխանատվությունից:
Սակայն Դաշնակցությունը պատասխանատու է: Պատասխանատու է այն բանի համար, որ նաև իր ղեկավարած Հայաստանում կամավորական զինվորին և հայտնի հրամանատարին, Հայրենիքում ապրել ցանկացող ընտանիքի հորը, ազգային-հասարակական գործչին ոչ միայն քաղաքացիություն չեն տալիս, այլ ապօրինաբար վռնդում են երկրից: Պատասխանատու է նաև քաղաքական հետապնդումների համար. դրանք անբարո են բոլոր դեպքերում: Սակայն կրկնակի անբարոյականություն է, երբ Հայաստանում իր քաղաքական գործունեության համար հալածվում է Ժիրայրի պես ազգային հերոսը: Եռակի ամոթ է, երբ նման քաղաքական հետապնդումն իրականացվում է իրեն ազգային համարող կուսակցության լուռ համաձայնությամբ, որի միակ բացատրությունը իշխանությունից չհեռացվելու վախն է:
Եթե մեր պնդումները գոնե մասամբ չեն համապատասխանում իրականությանը, ապա պահանջում ենք անհապաղ գնահատական տալ Ժ. Սէֆիլյանի հանդեպ իշխանությունների բոլոր գործողություններին, դիրքորոշում հայտնել նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցի վերաբերյալ և պահանջել անհապաղ դադարեցնել Սէֆիլյանին արտաքսելու գործընթացը:
Ակնկալում ենք ձեզանից հրապարակային պատասխան մինչև Ժ. Սէֆիլյանի ազատազրկման ժամկետի ավարտը` սույն թվականի հունիսի 9-ը:

ՙՀԻՄԱ՚ երիտասարդական նախաձեռնություն
ՙՀատուկ Գունդ՚ երիտասարդական նախաձեռնություն
4 հունիսի, 2008թ.

Բաց նամակ Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը

2006 թվականից ի վեր ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, ՙԱզատագրված տարածքների պաշտպանություն՚ հասարակական նախաձեռնության համակարգող, հայոց բանակի սպա Ժիրայր Սէֆիլյանն ազատազրկված է` իշխանությունների կողմից նրա նկատմամբ տարիներ տևող քաղաքական հետապնդումների, կեղծ մեղադրանքների և անարդար դատավճիռների արդյունքում: Մինչև կալանքն իբրև հալածանքի միջոց էր կիրառվում նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու պարբերական և անհիմն մերժումը: Իսկ այսօր Սեֆիլյանին արդեն սպառնում են արտաքսել Հայրենիքից:
Ապօրինի քաղաքական հետապնդումներն անբարո են բոլոր դեպքերում: Սակայն կրկնակի անբարոյականություն է, երբ Հայաստանում քաղաքական գործունեության համար հալածվում է պատերազմին մասնակցելու նպատակով Հայրենիք եկած Արցախյան պատերազմի ամենահայտնի զորամասերից մեկի հրամանատարը, որի դեպքում ՙՄարտական Խաչն՚ անբավարար է նրա անցած մարտական ուղին բնութագրելու համար, մի հայ, ով իր և իր զավակների կյանքը Հայաստանից դուրս չի պատկերացնում, ում օտարերկրացի կոչելն իսկ ամոթ է: Եվ առնվազն տարօրինակ է, երբ այդպիսի մարդու քաղաքական հետապնդումն իրականացնում է իրեն նժդեհյան գաղափարների հետևորդ համարող քաղաքական ուժը` իշխանատենչությունից դրդված:
Առանձին հանրապետական գործիչներ այս հարցով արտահայտվելիս հաճախ կրկնում են, որ Ժիրայրը հարգանքի արժանի զինվոր է, սակայն ոչ մեկին թույլատրված չէ օրենք խախտել: Ճիշտ է: Սակայն պարսավելի է, երբ այդ խոսքերը հնչում են այն քաղաքական ուժի կողմից, որի ղեկավարների պատվերով ԱԱԾ-ն, դատարանները, Ոստիկանությունը և բազմաթիվ այլ օղակներ հերոսի նկատմամբ ապօրինի գաղտնալսումներ և հետապնդումներ են իրականացնում, հորինված մեղադրանքներով նախաքննությունն են ձգձգում նրան կալանքի տակ հնարավորինս երկար պահելու համար, ստում, թե ատրճանակով նա չի պարգևատրվել ու մի ամբողջ զինապահեստ են ՙհայտնաբերում՚ նրա ՙգործի շրջանակներում՚, ԼՂՀ ՊՆ կողմից կարգ խախտելու համար նրան են մեղավոր ճանաչում, հետո զրկում պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից, ոչ քաղաքացիություն են տալիս, ոչ էլ կեցության իրավունք, հետո էլ փորձում են արտաքսել` մոռանալով, որ խոսքը գնում է ՙՀայաստանին բացառիկ ծառայություններ մատուցած՚ ՙազգությամբ հայի՚ մասին, որի խնամքի տակ գտնվող երկու անչափահաս երեխաներն ամբողջ կյանքն ապրել են Հայաստանում:
Եթե մեր պնդումները գոնե մասամբ չեն համապատասխանում իրականությանը, ապա պահանջում ենք անհապաղ գնահատական տալ Ժ. Սէֆիլյանի հանդեպ իշխանությունների բոլոր գործողություններին, դիրքորոշում հայտնել նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցի վերաբերյալ և պահանջել անհապաղ դադարեցնել Սեֆիլյանին արտաքսելու գործընթացը:
Ակնկալում ենք ձեզանից հրապարակային պատասխան մինչև Ժ. Սէֆիլյանի ազատազրկման ժամկետի ավարտը` սույն թվականի հունիսի 9-ը:


ՙՀԻՄԱ՚ երիտասարդական նախաձեռնություն
ՙՀատուկ Գունդ՚ երիտասարդական նախաձեռնություն

4 հունիսի, 2008թ.

Բաց նամակ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությանը

2006 թվականից ի վեր ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, փոխգնդապետ, ՙՄարտական խաչ՚ շքանշանի առաջին աստիճանի ասպետ, ՙԱզատագրված տարածքների պաշտպանություն՚ հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը գտնվում է կալանքի տակ` իշխանությունների կողմից նրա նկատմամբ տարիներ տևող քաղաքական հետապնդումների արդյունքում: Սկզբնական շրջանում իբրև հալածանքի միջոց էր կիրառվում նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու պարբերական և անհիմն մերժումը, իսկ 2006թ-ի դեկտեմբերի 9-ից` կալանքը, ինչի ՙհիմնավորում՚ է ընտրվել ԼՂՀ ՊԲ-ի կողմից իրեն իբրև մարտական պարգև շնորհված զենքը:
Հետևողական հալածանքների միջոցով Ժ. Սէֆիլյանին Հայաստանը կամովին լքել ստիպելու իրենց ծրագրում հաջողության չհասնելով` ՀՀ իշխանությունները պատրաստվում են դիմել հերթական ապօրինի քայլին` արտաքսմանը: Այդ պահանջով ՀՀ Ոստիկանության իրավական ապահովման վարչության պետն արդեն դիմել է ՀՀ վարչական դատարան: Դիմումը ժամանակավորապես վերադարձվել է անգրագետ լրացման պատճառով:
Ազատամարտիկ Ժ. Սէֆիլյանը, սակայն, որը 17 տարի է ապրում է ՀՀ-ում, ՀՀ օրենսդրության համաձայն ունի բոլոր իրավունքները պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ինչպես նաև ենթակա չէ արտաքսման` խնամքի տակ երկու անչափահաս երեխա ունենալու հանգամանքից ելնելով:
Ավելին` իբրև Արցախյան Ազատամարտի հերոս, պատերազմի տարիներին 23 տարեկան հասակում Լիբանանից կամովին հայրենիքը պաշտպանելու եկած զինվոր, ազգային-հասարակական գործիչ` իր կենսագրությամբ վաստակել է իր հայրենիքում առանձնահատուկ հարգանքի և գնահատանքի արժանանալու իրավունքը:
Մինչդեռ ՙԲարգաված Հայաստանը՚ և Կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունները չեն արտահայտել ազգային հերոսի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունների հանդեպ իրենց վերաբերմունքը և շարունակում են լռակյաց դիտել հալածանքների ուժգնացող շղթան:
Մենք պահանջում ենք անհապաղ գնահատական տալ Ժ. Սէֆիլյանի հանդեպ իշխանությունների բոլոր գործողություններին, դիրքորոշում հայտնել նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցի վերաբերյալ և պահանջել անհապաղ դադարեցնել Սէֆիլյանին արտաքսելու գործընթացը:
Ակնկալում ենք ձեզանից հրապարակային պատասխան մինչև Ժ. Սէֆիլյանի ազատազրկման ժամկետի ավարտը` սույն թվականի հունիսի 9-ը:


ՙՀԻՄԱ՚ երիտասարդական նախաձեռնություն
ՙՀատուկ գունդ՚ երիտասարդական նախաձեռնություն

4 հունիսի, 2008թ.

Բաց նամակ ՙՕրինաց Երկիր՚ կուսակցությանը

2006 թվականից ի վեր ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, առաջին աստիճանի ՙՄարտական խաչի՚ շքանշանի առաջին աստիճանի ասպետ, ՙԱզատագրված տարածքների պաշտպանություն՚ հասարակական նախաձեռնության համակարգող, հայկական բանակի պահեստի փոխգնդապետ Ժիրայր Սէֆիլյանն ազատազրկված է` իշխանությունների կողմից նրա նկատմամբ տարիներ տևող քաղաքական հետապնդումների, կեղծ մեղադրանքների և անարդար դատավճիռների արդյունքում: Մինչև կալանքը իբրև հալածանքի միջոց էր կիրառվում նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու պարբերական և անհիմն մերժումը: Իսկ այսօր նրան արդեն սպառնում են արտաքսել Հայրենիքից:
Այս ընթացքում Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ ապօրինություններ գործեցին.
- ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանը, ով երկու անգամ խախտեց ՙՔաղաքացիության մասին՚ օրենքը, ըստ որի նա պարտավոր էր պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհել ՙՀայաստանին բացառիկ ծառայություններ մատուցած՚, ՙազգությամբ հայ՚ Ժիրայր Սէֆիլյանին:
- ԱԱԾ-ն, որը տևական ժամանակ ապօրինի գաղտնալսումներ և հետապնդումներ իրականացրեց, ակնհայտ անհիմն մեղադրանք ներկայացրեց 301 հոդվածով և հնարավոր առավելագույն ժամկետով ձգձգեց նախաքննությունը, բացի այդ, ձերբակալեց մեկ այլ ազատամարտիկի, որի տանը գտնվող և իրենց վաղուց հայտնի զինանոցը ներկայացրեց որպես ՙՍեֆիլյանի գործի շրջանակներում հայտնաբերված՚ ավելի ծանր մեղադրանքներ հարուցելու հնարավորություն ունենալու համար, ինչը, սակայն, տեղի չունեցավ իրենից անկախ պատճառով, քանի որ ձերբակալվածը չհամաձայնեց սուտ ամբաստանել իր հրամանատարին, որի համար էլ առ այսօր բանտում է:
- ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը, որը ստեց և չհաստատեց Ժիրայր Սէֆիլյանի մոտ գտնվող ատրճանակի` մարտական պարգև, ուստի` օրինական լինելը և խայտառակվեց, քանի որ դատաքննության ընթացքում, ոմանց համար անսպասելի, ներկայացվեցին զենքի օրինականությունը հաստատող փաստաթղթերը:
- Դատարանները, որոնք բացարձակապես անօրինական հիմնավորումներով նախ երկարաձգում էին նախնական կալանքի ժամկետը, իսկ հետո պատվիրված դատավճիռ կայացրեցին և նույնիսկ այդ մեղադրանքի համար անհամաչափ խիստ պատիժ կիրառեցին` պնդելով, թե ՙթեև զենքն օրինական էր, բայց այն Սէֆիլյանին էր տրամադրվել ինչ-որ կարգի խախտմամբ՚, ուստի մեկուկես տարի ազատազրկում:
- Քրեակատարողական մարմինները, որոնք ապօրինի կերպով Ժիրայր Սէֆիլյանին զրկեցին պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքից:
- Ոստիկանությունը, որը դիմել է վարչական դատարանին Ժիրայր Սէֆիլյանին արտաքսելու պահանջով` շատ լավ իմանալով, որ օրենքն արգելում է արտաքսել խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող անձին:
Այսօր հերթական քաղաքական պատվերն է իջեցված վարչական դատարանին, որին ստիպում են արտաքսման որոշում կայացնել հակառակ այն փաստի, որ Ժիրայր Սէֆիլյանն ընտանիքի հետ Հայաստանում է բնակվում արդեն 17 տարի, խնամքի տակ ունի երկու անչափահաս երեխա, մի քանի անգամ դիմել է ՀՀ քաղաքացիություն, ինչպես նաև Հայաստանում գտնվելու օրինական կարգավիճակ ստանալու համար:
Հիրավի օրինաց երկիր…
Իբրև պատերազմի տարիներին 23 տարեկան հասակում Լիբանանից կամովին հայրենիքը պաշտպանելու եկած զինվոր, Արցախյան Ազատամարտի ամենահայտնի զորամասերից մեկի հրամանատար, ազգային-հասարակական գործիչ` իր կենսագրությամբ Ժիրայր Սէֆիլյանը վաստակել է իր հայրենիքում առանձնահատուկ հարգանքի և գնահատանքի արժանանալու իրավունքը:
Մինչդեռ ՙՕրինաց Երկիրը՚ և Կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունները չեն արտահայտել ազգային հերոսի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունների հանդեպ իրենց վերաբերմունքը և շարունակում են լռակյաց դիտել հալածանքների ուժգնացող շղթան:
Մենք պահանջում ենք անհապաղ գնահատական տալ Ժ. Սէֆիլյանի հանդեպ իշխանությունների բոլոր գործողություններին, դիրքորոշում հայտնել նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցի վերաբերյալ և պահանջել անհապաղ դադարեցնել Սէֆիլյանին արտաքսելու գործընթացը:
Ակնկալում ենք ձեզանից հրապարակային պատասխան մինչև Ժ. Սէֆիլյանի ազատազրկման ժամկետի ավարտը` սույն թվականի հունիսի 9-ը:

ՙՀԻՄԱ՚ երիտասարդական նախաձեռնություն
ՙՀատուկ Գունդ՚ երիտասարդական նախաձեռնություն
4 հունիսի, 2008թ.

Thursday, May 29, 2008

Հայտարարություն

Վերջին մի քանի օրերին “ՀԻՄԱ” երիտասարդական նախաձեռնությունն ուշադիր հետևում էր իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի շուրջ ծավալվող գործընթացներին` հույս ունենալով, որ հանցագործության ակնհայտ լինելու պայմաններում նրա վրա հարձակում կատարած անձն անհապաղ կստանա իր պատիժը: Սակայն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մարտիմեկյան իրադարաձություններին համահունչ, այս պարագայում ևս զոհը դառնում է դահիճ, իսկ դահիճը` զոհ: “ՀԻՄԱ” երիտասարդական նախաձեռնությունն իր մտահոգությունն է հայտնում Մ. Դանիյելյանի վրա կատարված հարձակման կապակցությամբ: Այս խնդիրն էլ ավելի մտահոգիչ է դառնում, երբ գիտակցվում է, որ այս “աշխատաոճը” սովորական է դարձել ՀՀ-ում, եթե հաշվի առնենք, որ դրանից մի քանի օր անց դաժան ծեծի ենթարկվեց “ՀԻՄԱ” նախաձեռնության ակտիվիստ Արսեն Խառատյանը: Իսկ երբ սրան էլ գումարենք այն փաստը, որ երկու անձն էլ վարել են իշխանություններին “ոչ հաճո” գործողություններ, այն է Հայաստանի Հանրապետությունում փորձել են օրենքի ուժը դարձնել գերակա, արդեն պարզ է դառնում այս հանցագործությունների պատվիրատուին փնտրելու ուղղությունը:

Ուստի, կոչ ենք անում և պահանջում ՀՀ իրավապահ մարմիններից` անհապաղ միջոցառումներ ձեռք առնել և պատասխանատվության կանչել Մ. Դանիելյանի և Ա. Խառատյանի վրա հարձակում գործած անձանց: Մեր կարծիքով, ՀՀ-ում կրիմինալի դեմ պայքարն էլ ավելի արդյունավետ կդառնա, եթե Ազատության հրապարակում և հարակից տարածքներում դիրքավորված բազմաթիվ իրավապահներն զբաղվեն հանցագործություններ բացահայտելով, այլ ոչ թե խաղաղ բնակչությանը “հսկելով”:

“ՀԻՄԱ” ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
29.05.08

Wednesday, May 28, 2008

Դաժան ծեծի է ենթարկվել Արսեն Խառատյանը



Երեկ, մայիսի 28-ին, մոտավորապես ժամը 14-ին երեք անhայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել “Հիմա” երիտասարդական շարժման առաջնորդներից մեկը` Արսեն Խառատյանը:

Մի քանի օր առաջ Արսենին զանգահարել է մի երիտասարդ, որը ներկայացել է որպես “Լայֆ” ամսագրի թղթակից և հարցազրույց խնդրել: Խառատյանը համաձայնել է և, ըստ պայմանավորվածության, ժամը 14.00-ին գնացել Վերնիսաժին հարող տարածքը` հանդիպման: Մի քանի րոպեից նա թիկունքից հարված է ստացել գլխին (հավանաբար, երկաթե իրով), ընկել է գետնին և դաժան ծեծի ենթարկվել երեք երիտասարդների կողմից, որոնք իրենց գործը կատարելուց հետո փախել են: Արսենը գլխի վնասվածքներով տեղափոխվել է Շտապ օգնուքյան հիվանդանոց:

Մենք գնահատում ենք ահաբեկչության այս հերթական ակտը որպես ռեժիմի պատասխան համաժողովրդկան շարժման ակտիվացմանը և շարժման ակտիվիստներին ահաբեկելու ևս մեկ փորձ: Այս անգամ որպես թիրախ է ընտերվել մեր ընկեր Արսեն Խառատյանը, որը հայտնի է որպես հստակ քաղաքացիական դիրքորոշում ունեցող, ճշմատախոս անձ, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ջատագով և բարձր հեղինակություն ունի Հայաստանի հասարակության ամենատարբեր շրջանակներում: Արսենը “Հանուն գիտության զարգացման” նախաձեռնող խմբի անդամ է, “Սկսել ա” և “Հիմա” երիտասարդական շարժումների առաջնորդներից և ամենաակտիվ մասնակիցներից:

Կարևոր ենք համարում ընգծել, որ սույն հանցագործությունը Արսեն Խառատյանի նկատմամբ կատարվել է բացեիբաց և հրապարակայնորեն` նպատակ ունենալով վախի մաթնոլորտ տարածել և կասեցնել համաժողովրդական շարժման ալիքը:

Friday, May 23, 2008

Համաժողովրդական շարժման կենտրոնի կոչը՝ "ՄԱՅԻՍԻ 28-ԻՆ` ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՄՈՏ"

Առաջին համաշխարհային պատերազմի տագնապներից անցած, իր բնօրրանում՝ Արեւմտյան Հայաստանում ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը ուղիղ 90 տարի առաջ այս օրերին Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում հերոսական ճակատամարտեր էր մղում օտարերկրյա զավթիչների դեմ: Օրհասն ու վերջնական բնաջնջման վտանգը դարձել էր չափազանց առարկայական, ինչի գիտակցումը վերջնականապես ի մի էր հավաքել ազգային բոլոր ուժերն ու ողջ ժողովրդին: Հենց դրա՝ վտանգի համաժողովրդական գիտակցման շնորհիվ հնարավոր դարձավ եղած ուժերի այն համընդհանուր համախմբումը, ապա նաեւ վճռականությունը, ինչի շնորհիվ բախտորոշ այս ճակատամարտերն ավարտվեցին հաղթանակով: Այդ հաղթանակների հիմքի վրա առարկայացավ Հայաստանի առաջին հարապետությունը:

Սակայն մեզնից յուրաքանչյուրը տոնական այդ օրը համակված է լինելու հակասական զգացումներով: Մի կողմից՝ գնում ես հարգելու ազատության համար ընկած հերոսների հիշատակը, տոնելու նրանց տարած կարեւոր հաղթանակի տարեդարձը, մյուս կողմից, 90 տարի անց, ոչ թե օտար նվաճողի, այլ սեփական հայանուն բռնապետների կողմից բռնադատված են քո իրավունքներերն ու ազատությունը, բանտերը լցված են քո այսօրվա հերոսներով, նույն ժողովրդի ազատության համար պայքարի ելած մարտիկներով: Գնում ես տոնախմբության մի երկրում, որտեղ դեռ շարունակվում են քաղաքական հետապնդումներն ու բռնությունները: Ու քանի դեռ մեր այսօրվա հերոսները քաղբանտարկյալներ են, քանի դեռ հետապնդումները շարունակվում են, մենք պարտավոր ենք ցանկացած նշանակալի օր, լինի դա հիշատակի տարելից թե հաղթանակի տարեդարձ, վերածել նրանց ազատության համար պայքարի օրվա՝ ցուցադրելով ազատության հասնելու մեր անկոտրում վճռականությունը եւ հաստատակամությունը՝ ինչպես դա արեցինք ապրիլի 24-ին եւ մայիսի 9-ին:

Մայիսի 28-ին ժամը 13-ին մենք կայցելենք Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիր (հավաքատեղին հուշահամալիրի մուտքի մոտ, օղակաձեւ հրապարակում): Իսկ նույն օրը ժամը 18-ին մեր տոնական զբոսանքը կանցկացնենք Ազատության հրապարակում

Համաժողովրդական շարժման կենտրոն:

Wednesday, May 21, 2008

ԿՐԱԿԵԼ ԵՆ ՄԻՔԱՅԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՎՐԱ

Այսօր ժամը 15.00-ի սահմաններում Երեւանի Տերյան փողոցի վրա անհայտ անձը կրակել է Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի վրա: Դեպքը պատահել է առաջին հայացքից կենցաղային թվացող պատճառով. ըստ Միքայել Դանիելյանի ընկերոջ, իրենք ավտոմեքենայով լուսացույցի տակ կանգնած են եղել, երբ Միքայել Դանիելյանը նկատել է Տերյան փողոցով քայլող իր ընկերոջը եւ ավտոմեքենայի միջից ողջունել նրան:

Այդ պահին նրանց ավտոմեքենայի ետեւում կանգնած BMW մակնիշի ավտոմեքենան սկսել է ձայնային ազդանշաններ տալ առանց դադարի, իսկ երբ իրավապաշտպան Միքայել Դանիելյանը շրջվել եւ հարցրել է, թե ինչ է պատահել, ինչու է աղմկում, արտասամանյան մակնիշի ավտոմեքենայից իջել է մի երիտասարդ, հայհոյել Դանիելյանին, հընթացս ասելով՝ ՚հերիք ա, կյանքներս կերար, ՑՌՈՒ-շնիկի մեկը, արվամոլներին ես պաշտպանո՞ւմՙ, ու գրպանից հանել ատրճանակն ու կրակել Միքայել Դանիելյանի կրծքավանդակին: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չի, քանի որ, ըստ նախնական տեղեկության, անհայտ հանցագործը կրակել է գազի ատրճանակից: Թեեւ Միքայել Դանիելյանի վրա եղել են արյան հետքեր, նրան բուժօգնություն չի ցուցաբերվել, քանի որ մինչեւ շտապ բուժօգնության ավտոմեքենան կհասներ դեպքի վայր, ոստիկաններն արդեն Դանիելյանին տեղափոխել էին Կենտրոնի ոստիկանության բաժին: Միքայել Դանիելյանին ուղեկցող ընկերը ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց, որ այն ժամանակ, երբ իրենց տանում էին բաժին, հանցագործներները դեռ դեպքի վայրում էին:

Ըստ ականատեսների` Միքայել Դանիելյանի վրա կրակողը եղել է Հայաստանի Առաջադիմական կուսակցության նախկին առաջնորդ, հայ հանրությանը ոչ անհայտ Տիգրան Ուրիխանյանը, որը եւս տարվել է ոստիկանություն:

Աղբյուր Ա1+

ԳՈՐԾԱ՞ՐՔ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Ժողովներ, հավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին օրենքի շուրջ Վենետիկի հանձնաժողովն ու ՀՀ իշխանությունները գործարքի են գնացելՙ,- այսօր ահազանգեցին մի շարք հ/կ-ների ներկայացուցիչներ եւ ԱԺ ՚Ժառանգությունՙ կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նրանք խումբ են ստեղծել, որը պատրաստվում է ներկայացնել ԵԽԽՎ թիվ 1609 բանաձեւում տեղ գտած յուրաքանչյուր կետի հետ կապված ՀՀ իշխանությունների գործողությունները:

Տիկին Փոստանջյանը հայտարարեց, որ օրենքի փոփոխությունները երեկ առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց առանց փորձագետների եզրակացությունը ստանալու.՚Այն մտավախությունները, որոնք կային նախորդ համատեղ եզրակացության մեջ այս փոփոխություններով չեն լուծվելու: ԱԺ-ն աշխատանք է տանում ԵԽ-ին ցույց տալու համար, սակայն իրականում երկարացնում են հասարակության հավաքներ անցկացնելու իրավունքըՙ:

՚Թրանսփարենսի ինթերնեյշնըլՙ-ի երեւանյան գրասենյակի նախագահ Ամալյա Կոստանյանը, շարունակելով տիկին Փոստանջյանին, ասաց. ՚Այս օրենքով իշխանությունները փորձել են սահմանափակել քաղաքական ընդդիմության իրավունքները, սակայն զոհ է դարձել ամբողջ հասարակությունըՙ:

Նրան մտահոգում է այն փաստը, որ Վենետիկի հանձնաժողովը իր դիտարկումներում հաշվի չի առնում Հայաստանում տիրող իրավիճակը.՚Վենետիկի հանձնաժողովի վերջին եզրակացության մեջ նշված է, որ հավաքների իրազեկումից հետո 5 օրվա ընթացքում համապատասխան մաիմինը պետք է թույլտվություն տա կամ հիմնավորված մերժի: Չկա ոչ մի հստակ սահմանում, թե ինչպիսին պետք է լինի այդ չարաբաստիկ մերժումը, ինչ հիմունքներովՙ: Տիկին Կոստանյանը հիշեցրեց, որ մարտի 1-ի դեպքերից առաջ էլ, երբ իշխանությունները ցանկանում էին, ՚հիմնավորվածՙ մերժում էին: Օրինակ` մի դեպքում կարող էին մերժել ռոք համերգը` ասելով, թե այն խանգարում է Երեւանի կենտրոնում բնակվողների եւ զբոսաշրջիկների հանգիստը, իսկ մեկ օր հետո նույն վայրում ռոք համերգի թույլտվության տային մեկ այլ կազմակերպության: Տիկին Կոստանյանը նաեւ խոսեց օրենքի փոփոխության հետ կապված Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽԽՎ բանաձեւում տեղ գտած հակասությունների մասին.՚Վենետիկի հանձնաժողովն դժգոհել է, որ թույլտվություն տողով` ժամկետը երկարացվել է եւ 3 օրից 5 օր դարձել, սակայն ենթադրել է, որ մերժում ստացածները կարող են դիմել դատարան եւ բողոքարկել մերժումը: Շատ ծիծաղելի է, քանի որ ԵԽԽՎ բանաձեւի 6.3 կետում ասվում է, որ ՀՀ-ում դատարանները դեռ չունեն անհրաժեշտ անկախության մակարդակ, որպեսզի հանրությանը վստահություն ներշնչեն: Այսինքն` Վենետիկի փորձագետները ընդունելով, որ մեր դատարանները վստահելի ու անկախ չեն, ասում են, որ նրանք կարող են արդար որոշում կայացնելՙ:

Աղբյուր Ա1+

Saturday, May 17, 2008

ԳԱԼԱ Հ/Ը ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԵՌԱՑՎԵՑ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՑ` ՈՒՂԻՂ ԳԾՈՎ 50 ԿՄ. ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ՈՒՐԱԽ ԵՆ

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը այս հաղորդագրությամբ ուրախությամբ տեղեկացնում է, որ պաշտոնից վերջապես հեռացվել է Գյումրու հարկային տեսչության պետ Մարտին Զիլֆիմյանը, ով ԳԱԼԱ ՀԸ դեմ 2007 թվի հոկտեմբերից նախաձեռնված լայնամասշտաբ հարձակման ճակատներից մեկի հրամանատարն էր: Այդ նա էր, որ հոկտեմբերի 16-ին իր աշխատասենյակ հրավիրելով ԳԱԼԱ ՀԸ հիմնադիր Վահան Խաչատրյանին, մոտ մեկ ժամ ապարդյուն համոզում, հորդորում, ապա պահանջում էր եթեր չտրամադրել Լ.Տեր-Պետրոսյանին աջակցող քաղաքական ուժերի ներկացուցիչներին: Այդ անելիս հաշվի չէր առնում, որ ինքը մեր` հարկատուներիս հաշվին է նստում այդ աշխատասենյակում ու պարտավոր է ծառայել մեզ եւ ոչ թե սահմանափակել մեր Խոսքի եւ մամուլի ազատության իրավունքը: Սա այն նույն Մարտին Զիլֆիմյանն է, ով մեկ րոպե անգամ չկորցրեց դատարան դիմելիս` ԳԱԼԱ ՀԸ դեմ հարկային օպերլիազորների նկարած 26.566.100 դրամը ստանալու համար. պլան պիտի կատարեր: Սա այն նույն Մարտին Զիլֆիմյանն է, ով 1 օր անգամ չսպասեց դատարանի վճռից հետո ու դիմեց ԴԱՀԿ-ին ԳԱԼԱ ՀԸ-ից դատարանի արտանկարած գումարը բռնագանձելու պահանջով, ու ծածուկ երազում էր գուցե, որ այդպիսով վերջապես կկարողանա ծնկի բերել հեռուստաընկերությանն ու հաճոյանալ վերադասին: Սա այն նույն Մարտին Զիլֆիմյանն է, ով աշխատաժամին բանուգործը թողած գնում էր Գյումրու թատերական հրապարակ` մասնակցելու նախագահական թեկնածու Ս.Սարգսյանի աջակցության շոու-հանրահավաքներին: Սա նույն այն Մարտին Զիլֆիմյանն է, ով Սպիտակում տարածքային հարկային տեսչության պետ աշխատած ժամանակ «զրոյական» (պետական բյուջեի նկատմամաբ որեւէ պարտավորության բացակայության վկայությամբ) տեղեկանք էր տվել «Ախթամար» արտադրական կոպերատիվին, որն այդ պահին 9,6 մլն դրամի պարտք ուներ պետական բյուջեին:

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը սրտանց շնորհավորում է բոլոր գյումրեցի գործարարներին Մարտին Զիլֆիմյանին Գյումրու հարկային տեսչության պետի պաշտոնից հեռացվելու առթիվ: Բոլոր նրանց, ովքեր մատաղ ունեին խոստացած այս կապակցությամբ, բարի ժամանց ենք մաղթում եւ ասում.-Թող ընդունելի մատաղ լինի:

Միաժամանակ խոր մտահոգություն ենք հայտնում Ապարան քաղաքի եւ Ապարանի տարածաշրջանի բոլոր գործարարների եւ հարկատու իրավաբանական անձանց ապագայի հնարավոր ռիսկերի եւ մասամբ անկանխատեսելի զարգացումների վերաբերյալ. Մարտին Զիլֆիմյանը հիմա էլ նշանակվել է Ապարանի տարածքային հարկային տեսչության պետ. նրա ծառայությունները հենց այնպես մոռանալ չեն կարող վերեւում: Անկեղծորեն ցավում ենք ապարանցիների համար:

Առայժմ անհայտ է մնում Մարտին Զիլֆիմյանի կարիերայի այս շրջադարձի պաշտոնական մեկնաբանությունը. արդյո՞ք վարչապետ Տ.Սարգսյանն է հանձնարարել հեռացնել նրան համակարգից ու հանձնարարությունը լրիվ չեն կատարել..., կամ որոշել են առայժմ նրան հեռացնել աղետի գոտուց եւ ուշադրության կենտրոնից, արդյո՞ք ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանն է նպատակահարմար գտել իր ամենահավատարիմ գործակատարին հեռացնել Գյումրի քաղաքից, մինչեւ լավ ժամանակներ գային: Դժվար է ասել. մայիսի 16-ին ժամը 16-ին, 16:30-ին, 16:50-ին, երբ Գյումրու հարկային տեսչությունում Երեւանից ժամանած պաշտոնյաները ներկայացնում էին նոր պետին, ՀՊԾ լրատվական ծառայությունում տառացիորեն տեղյակ չէին, թե արդյո՞ք Մարտին Զիլֆիմյանը հեռացվել է իր պաշտոնից, եւ արդյո՞ք նրա փոխարեն նոր մարդ է նշանակվել այդ պաշտոնին:

Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը միամտություն չունի կարծելու, թե Մարտին Զիլֆիմյանի պաշտոնական փոխատեղումը համակարգը բարեփոխելու ռազմավարություն մաս է կազմում: ԳԱԼԱ ՀԸ վրա կատարված հարկային հարձակման պլանի իրականացման գլխավոր պատասխանատուն եղել եւ մնում է ՀՊԾ պետ Վահրամ Բարսեղյանը, ով հեռուստաընկերության ՍՊԸ-ում հարկային ստուգումները սկսելուց 5 օր առաջ հարցազրույց տալով «Հայոց Աշխարհ» թերթում (2007 թվի հոկտեմբերի 25-ին) ասել էր, թե «... Իրականում, Հարկային պետական ծառայության աշխատակիցներն արդեն տեւական ժամանակ է, ինչ պլանային ստուգում են անցկացնում ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր հանդիսացող «Չապ» ՍՊԸ-ում, որը, ի գիտություն բոլորի, բացի հեռուստատեսային գործունեությունից, զբաղվում է այլ ձեռնարկատիրական գործունեությամբ եւ, ցավոք, ոչ բարեխղճաբար:...», ինչով փաստորեն ուղղորդել էր 5 օր անց սկսվելիք ստուգման ընթացքը եւ ելքը: Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը, ինչպես նաեւ ազատ խոսքը պաշտպանող մազմահազար քաղաքացիները բոլոր հնարավոր միջոցները ներդնելու են Խոսքի ազատության բոլոր վնասատուների պաշտոնանկման եւ օրինական պատժի օրը մոտեցնելու համար:


Խոսքի ազատության թշնամիների ցանկը համալրեց եւս մեկ վնասատու

Այսօր ժամը 16-ի հատվածում, այն ժամանակ, երբ Գյումրու հարկային տեսչության շենքի առաջ կայանել էին աշխատակիցների մոտավորապես 32 ավտոմեքենաները եւ Երեւանից ժամանած պաշտոնյաների ջիփը, երբ Գյումրու հարկային տեսչության շենքում աշխատակիցներին էր ներկայացվում ծառայության նոր պետը` Խաչիկ Երոյանը, Գյումրու հարկային տեսչության պետի ծառայողական ավտոմեքենայի վարորդ Արտակ Հարությունյանը, ով ժրաջանորեն ինչ-որ ցելոֆանե տոպրակներ էր տեղափոխում հարկայինի շենքից ծառայողական ավտոմեքենայի մեջ, մինչեւ հոգու խորքը ազդվելով ԳԱԼԱ ՀԸ նկարահանող օպերատորի նկարահանումից, հարձակվեց փողոցում իր գործով տարված օպերատոր Արտյոմ Ադամյանի տեսախցիկի վրա եւ երկու անգամ հարվածեց տեսախցիկին, ապա, մտնելով հարկային տեսչության շենքի նախասրահ, բռնեց այնտեղ գտնվող ԳԱԼԱ ՀԸ լրագրող Արմինե Վարդանյանի թեւից ու քաշքշելով նրան փորձեց դուրս վռնդել: Տեսախցիկին հարվածելու դրվագները նկարահանվել եւ ցուցադրվել են հեռուստաընկերության լրատվական թողարկումներում: Արմինե Վարդանյանը անհապաղ զանգահարել է Ոստիկանության Գյումրու բաժին, տեղեկացրել իր եւ օպերատորի վրա կատարված հարձակման մասին: Ոստիկանները ժամանել են 5 րոպեից: Ոստիկանատանը լրագրողն ու օպերատորը հայտարարություն ու բացատրություն տվեցին իրենց վրա կատարված հարձակման եւ աշխատանքի խոչընդոտման մասին:

Այսով Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը լրջագույն կասկածներ է հայտնում հարկայինի վարորդ Արտակ Հարությունյանի մարդկային եւ տղամարդկային որակների վերաբերյալ. երիտասարդ աղջկա եւ տեսախցիկի հետ ձեռքերի ֆիզիկական զորությամբ խոսողները իշխանության համակարգում տեղ չունեն, այսպիսիք հոգեբուժական միջամտության անհետաձգելի կարիք ունեն, դրանց թույլ տալ մեքենա վարել, նույնն է, թե երեխայի օրորոցի վրա գույնզգույն նռնակներ կախել ....: Կրկնակի վիրավորական է, որ այս վայրենին աշխատավարձ է ստանում մեր վճարած հարկերից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր իրավական համակարգում անհնար է ակնկալել լկտի վարորդի համապատասխան պատիժը, անպատասխան հույս ենք հայտնում, որ երիտասարդը սիրահոժար համաձայն կլինի, որ իր հետ խոսեն այն լեզվով, որով ինքը խոսում է աղջիկների հետ: Կոչ ենք անում Գյումրու հարկային տեսչության նորանշանակ պետին` պատժել վարորդների պատիվը խայտառակած այս երիտասարդին, իսկ ավելի լավ է` ազատել նրան աշխատանքից ավելի շուտ, քան նրան քրեական պատասխանատվության կենթարկեն:

Հ.Գ. Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբը եւ շտաբի համակարգողները մայիսի 16-ին ժամը 18:20-ի եւ 20:00-ի միջայակքում (լուրը առաջին անգամ տարածվել է ԳԱԼԱ ՀԸ ժամը 18-ի լրատվական թողարկման մեջ) ստացել են ավելի քան 2 տասնյակ շնորհավորական հեռախոսազանգ եւ SMS` Մարտին Զիլֆիմյանի պաշտոնանկման առթիվ: Շտաբի ունեցած տեղեկություններով, մի շարք գյումրեցի գործարարներ, այս երկար սպասված իրադարձությունը նշում են տոնական սեղանի շուրջ:

Աղբյուր՝ www.lragir.am

Thursday, May 15, 2008

Փակված բերաններով

Այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 15:00-ին կսկսվի մի-խումբ ուսանողների կողմից կազմակերպված երթը՝ Ազգային Ժողովից դեպի քաղաքապետարան (այս անգամ միայն Երևանի քաղաքապետարան): Երթուղին է Բաղրամյանի պողոտա-Մաշտոցի պողոտա-Թումանյանի փողոց-Հյուսիսային պողոտա- Հանրապետության Հրապարակ-ՀՀ դատախազություն- Երևանի քաղաքապետարան: Ակցիայով ուսանողներն իրենց բողոքն են արտահայտելու խոսքի ազատության սահմանափակության դեմ:
Երթի մասնակիցները քայլելու են լուռ և բերանները փակելու են կպչող ժապավեննորով (ժապավեն կպցնելը պարտադիր չէ):

ՀԱՆՐԱՅԻՆԻ ԵԹԵՐՈՒՄ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆՕՐՅԱ ԲԱՆԱՎԵՃԵՐ

Այսօր ՀՀՌԸ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին ՚Ժառանգությանՙ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հարցրեց, թե. ՚Ինչու են ազգային նկարագրին ոչ հարիր շոուները Հանրայինի եթերում այդքան շատ, փոխարենը, օրինակ բացառությամբ խորհրդարանական ընտրությունների, որի համար տրվում էր օրենքով սահմանված եթերաժամանակ՝ րոպեների տեսքով, ընդդիմադիրներն ի սպառ վերացած են հանրայինի եթերից. ո՞վ է թույլ տվել, որ հանրային հեռուստաընկերությունը պետբյուջեի միջոցվներից սնվելով, ունենալով իր հիմքում մեր քաղաքացիների գումարները, որոնք ունեն սահմանադրական իրավունք հավասարակշռված տեղեկատվություն ստանալու, չտրամադրի այդպիսի տեղեկատվությունՙ: Ալեքսան Հարությունյանը պարզաբանեց, որ գումարները, որ հատկացվումէ պետբյուջեից, տրամադրվում են Հանրայինին հիմնականում տեխնիկական վերազինման նպատակով, որպեսզի հանրայինի հաղորդումները տեսնելու հնարավորություն ունենան նաեւ Հայաստանի ամենահեռավոր գյուղերում, նաեւ արբանյակային հեռարձակմամբ մեր հայրենակիցները Հյուսիսային Ամերիկայից մինչեւ Ավստրալիա հնարավորություն ունենան նայելու Հանրային հեռուստատեսության եթերը: Ինչ վերաբերում է շոուներին, ՚որոնք մի քիչ շատ են իսկապես մեր եթերումՙ՝ համաձայնեց Ալեքսան Հարությունյանը, ստեղծվում են կոմերցիոն եկամուտներով: Քաղաքական հաղորդումների եւ մասնավորապես ընդդիմությանը եթեր հազվադեպ տրամադրելու վերաբերյալ էլ Հարությունյանը համաձայնեց. ՚Դրանք իսկապես քիչ են եղել մեր եթերումՙ, բայց խոստացավ, որ նախատեսվող բարեփոխումները աստիճանաբար կտեսնենք մեր աչքերով, իսկ սեպտեմբերից 50 տոկոսով քաղաքական հաղորդումների աճ կնկատվի եւ գրեթե ամենօրյա բանավեճեր կլինեն եւ նշված բացը կլացվի: Իսկ երկրորդ ծրագիրը ՚Նոր ալիքըՙ՝ 24 ժամյա մշակութային, կրթական հեռուստաալիքի կվերածվի:

Նյութն ամբողջությամբ կարող եք ընթերցել Ա1+-ի կայքէջում:

APR GROUP-ի նոր սոցիոլոգիական հարցումների արդյունքները

APR GROUP այն եզակի սոցիոլոգիական հարցումներով զբաղվող ընկերությունն է, որը ճիշտ էր կանխորոշել ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքում առաջին երկու տեղը գրաված թեկնածուներին:
Մայիսի 8-14-ը APR GROUP սոցիոլոգիական ընկերությունը «Առավոտի» պատվերով հեռախոսային հարցում է անցկացրել Երեւանի 663 բնակիչների շրջանում: Թեման՝ Հայաստանի նոր կառավարությունն էր: Ինչպես միշտ, հարկ ենք համարում հիշեցնել, որ մենք ընդամենը փոխանցում ենք հարցման տվյալները եւ բոլոր ոգեւորվածներին ու դժգոհներին խորհուրդ ենք տալիս դիմել APR Group՝ 091-300-748 հեռախոսահամարով:

Եվ այսպես, «Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր կառավարությունից» հարցին մեր համաքաղաքացիների 43,59%-ը պատասխանել է՝ «ոչինչ էլ չի փոխվի»: Լավատեսները՝ «ամեն ինչ կփոխվի դեպի լավը» պատասխանով, նույնպես քիչ չեն՝ 41,63%: Ավելի փոքր տոկոս են կազմում նրանք, ում կարծիքով «ամեն ինչ կփոխվի դեպի վատը»՝ 13,73%, եւ միայն 1,06%-ն է դժվարացել պատասխանել այդ հարցին:

Հաջորդ հարցը «բաց» է եղել. քաղաքացիները պիտի իրենք նշեին պատասխանի մինչեւ երեք տարբերակ՝ «Որո՞նք են այն առաջնային հարցերը, որոնց լուծմանը պիտի ուղղված լինի կառավարության գործունեությունը» հարցին: Ամենամեծ՝ 42,08%-ը, ստացել է «գնաճի կանգնեցում» պատասխանը, դրանից հետո գալիս է «աշխատատեղերի ստեղծում» տարբերակը՝ 37,1%, «սոց. խնդիրների լուծում» է նախընտրում 28%-ը: Իսկ ահա «մարտի 1-ի իրավական գնահատականը» հուզում է ընդամենը 3,32%-ին, համարյա նույնքան են այն երեւանցիները, ում հուզում է «Ղարաբաղի հարցի լուծումը»՝ 3,77%: Պատասխանի մյուս տարբերակներում էլ գերակշռող թիվ են կազմում սոցիալական բնույթի խնդիրները:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ Առավոտ-ի այսօրվա համարում:

Մի-տինգ

Երեկ Համաժողովրդական շարժման, «Հիմա» երիտասարդական շարժման ներկայացուցիչները եւ այլախոհ քաղաքացիները հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ «Ժողովրդավարությանը խաբել չի՛ կարելի», «Կատարե՛ք ԵԽԽՎ-ի պահանջները», «Մի՛ պղծեք ժողովրդավարությունը», «Ոչ՝ ստրկությանը, մորթապաշտությանը, ոչ լեգիտիմին» եւ այլ պաստառներով: Արդեն հայտնի վանկարկումներին երեկ ավելացել էր եւս մեկը՝ «Մի՛-տինգ, մի՛-տինգ»: «28 հայտ ենք ներկայացրել հանրահավաք անցկացնելու, բոլորն էլ ոչ հիմնավոր, շինծու պատճառաբանություններով քաղաքապետարանը մերժել է: Այսօր պահանջել ենք, որ ի գիտություն ընդունվի մայիսի 23-ին, 24-ին հանրահավաքներ անցկացնելու մեր հայտերը եւ ապահովվի մեր ներկայացուցչի մասնակցությունը քննարկվող նիստում, որտեղ թույլատրվում կամ չի թույլատրվում հանրահավաք անցկացնելը: Քաղաքապետարանից պահանջում ենք, որ կատարվեն ԵԽԽՎ-ի պահանջները»,- «Առավոտին» ասաց Համաժողովրդական շարժման մասնակից Նորիկ Նորիկյանը: Ցուցարարները պահանջում էին նաեւ, որ քաղաքապետն իրենց ընդունի: Երկու ժամ սպասելուց հետո նրանց քաղաքապետարանից պատճառաբանեցին, թե քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի կնոջ վիրահատության պատճառով իրենց այսօր պատասխան չեն կարող տալ եւ ոչ էլ քաղաքապետն է տեղում, որպեսզի ընդունի ցուցարարներին: «Ողբերգություն է, որ քաղաքապետը ինքնակամ չի կարող ընդունել քաղաքացու եւ պետք է անպայման վերեւների ցուցումով գործի: Մենք լինելու ենք հետեւողական: Եթե նման վերաբերմունքը շարունակվի, մենք հունիսի 20-ին ժողովրդին հրավիրելու ենք Ազատության հրապարակ»,- հեռանալուց առաջ հայտարարեցին ցուցարարները: Նրանք կարծում են, որ իրականում արհամարհելով ԵԽԽՎ պահանջները, իմիտացիա անելով եւ հակաօրինական պահվածքով՝ իշխանությունները Հայաստանն ավելի ու ավելի են տանում դեպի բռնապետություն:

Monday, May 12, 2008

... Մեր սերունդը ... բոլոր սերունդները

... Ամեն սերունդ
Նախ և առաջ մտածում է լռության մեջ,
իսկ երբ խոսել է սկսում
բարկացնում է ավագներին:
... Ամեն սերունդ՝
Նախ և առաջ մահանում է կասկածելով

Պարույր Սևակ

Tuesday, May 6, 2008

Հ. Թումանյան "Խոսքեր ու ձևեր կան"

Խոսքեր ու ձևեր կան, որ իրենց մեջ ամբողջ պատմություններ են պարունակում։ Էդ տեսակ խոսքերը միայն հանճարները կարող են գտնել, մին էլ ժողովուրդները, որ հազար-հազար աչքերով, հազար-հազար ականջներով, հազար-հազար խելքերով երկար տարիների ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը ու վերջը հասնում են մի կարճ եզրակացություն, իրենց որոշումը մի բացականչյությունով, մի ածականով, կամ մի դարձվածքով։
Եվ զարհուրելի են դրանք, անողոք ու անմերժելի։
Մեր ժողովուրդն էլ ունի էդ տեսակ կարճ ու խիստ դատավճիռներ։ Ով ուշադրությամբ հետևել է, նկատած կլինի թե նա ի՛նչ ածականով է որակում, երբ խոսում է օր. մեր գրականության, հոգևորականության կամ մամուլի վրա։ Ուրիշ կերպ չի անվանում, եթե ոչ միայն «մեր աղքատիկ գրականությունը», «մեր ընկած հոգևորականությունը», «մեր կեղտոտ մամուլը»։ Եվ սրանցից ոչ մինը չի կարող մերժել իր ծանր ածականը, ամենքն էլ վաստակել են ամենայն իրավունքով, արժանի են։ Եվ իզուր են գրողները գանգատվում, թե մեր գրվածքները չեն կարդում, իզուր են հոգևորականները լաց լինում, թե մեզ չեն հարգում, իզուր է մամուլը հասարակությանը հանդիմանում, թե բաժանորդ չեն գրվում։ Չեն կարդում և չեն կարդալու, քանի որ դուք «աղքատիկ» եք, չեն հարգել և չեն հարգելու, որովհետև դուք «ընկած եք», բաժանորդ չեն գրվում և չեն գրվիլ, որովհետև դուք «կեղտոտ» եք։
Եվ շատ լավ են անում։ Դեռ կարիք կա ավելի խիստ լինելու, մինչև որ զգան, և խոր զգան ու զգաստանան...

1910


ՀԳ. Հովհաննես Թումանյանի այս հրապարակումից անցել է շուրջ 100 տարի: Այս խոսքերի ակտուալության մասին դատեք ինքներդ, սակայն տարիների ընթացքում մի խոսք է հասունացել, որը ստեղծել է ոչ թե հանճարը, այլ ժողովուրդը.

ԱՆԿԱԽ ԵԹԵՐ ՑՊԱՀԱՆՋ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի շենքի մոտ մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր պիկետ էին անում` ՚Ոչ քարոզչական ավտոմատավորներին, ոչ քարոզչական տեռորինՙ, ՚Ժողովրդավարությանը խաբել չի կարելիՙ, ՚Հ1-ը մի դարձրեք անառականոցՙ ցուցապաստառներով, վանկարկելով ՚Պայքար, պայքար մինչեւ վերջՙ, ՚Ազատություն մամուլինՙ, ՚Ազատ, անկախ Հայաստանՙ :



Համաժողովրդական շարժման կենտրոնի նախաձեռնած պիկետի մասնակիցները ՀՌԱՀ-ից պահանջում էին ԵԽԽՎ բանաձեւի կետերի իրագործում, օբյեկտիվ լրատվության ապահովում, ՚Ա1+ՙ եւ ՚Նոյան Տապանՙ հեռուստաընկերությունների վերաբացում, ինչպես նաեւ ՀՌԱՀ-ի վերակազմավորում:

՚Իշխանությունը բռնազավթած ապօրինի վարչախումբը շարունակում է վարել քոչարյանական ավազակապետական ռեժիմի տխրահռչակ քաղաքականությունը` ոտնահարելով ՀՀ քաղաքացիների անաչառ, օբյեկտիվ եւ բազմակողմանի լրատվություն ստանալու իրավունքըՙ,-հայտարարում էին պիկետի կազմակերպիչները:

ՀՌԱՀ-ին ուղղված հայտարարության մեջ նշված էր.. ՚Ընդունելով, որ այս իշխանության գոյության պայմաններում անհնար է այս ոլորտում պատկերացնել դրական արմատական փոփոխություններ` միաժամանակ մեր խնդիրն ենք համարում պայքարելու ազատ մամուլի ու ազատ խոսքի վերականգնման համար: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից պահանջում ենք հրաժարվել հանրային հեռուստաընկերությունը բացառապես իշխանության խոսափողը դարձնելու ստորացուցիչ քաղաքականությունից եւ ապահովել իրապես անաչառ եւ չեզոք լրատվությունՙ:


Հայտարարությունը հանձնելուց հետո պիկետի մասնակիցները երթով հասան մինչեւ ռադիոտուն,որտեղ տեղակայված է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը : Այստեղ եւս նրանք նույն պահանջը ներկայացրեցին եւ հանձնեցին նույն հայտարարությունը: Այսօրվա պիկետը ՚հսկումՙ էին ոստիկանության եւ ազգային անվտանգության աշխատակիցները:


Ի դեպ, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն այսօր հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ: ՚Իմ հրաժարականի վերաբերյալ պահանջները մեկ անգամ չէ, որ հնչել են ընդդիմության ներկայացուցիչների կողմից, սակայն ուզում եմ հիշեցնել, որ այս պաշտոնին իմ նշանակումն ուժի մեջ է ընդհուպ 2013 թվականը։ Եվ եթե մինչեւ այդ ժամանակը որեւէ բան չպատահի, ապա ես չեմ պատրաստվում հրաժարական տալ կամ փոխել աշխատավայրըՙ, -ասել է Ալեքսան Հարությունյանը:

Աղբյուր www.a1plus.am

Sunday, May 4, 2008

"Թերթակարդություն" ակցիա՝ մամուլի միջազգային օրվա կապակցությամբ




Մայիսի 3-ին` մամուլի միջազգային օրը, "Հիմա" երիտասարդական նախաձեռնությունն անց-կացրեց "Թերթակարդություն" ակցիան: Ուղիղ ժամը 17:00 "Հիմա"-յի երիտասարդները մեկ շարքով կանգնեցին Ազգային Ժողովի դիմաց և սկսեցին կարդալ իրենց հետ բերած թերթերը՝ հիմնականում "Չորրորդ Իշխանություն", որի մասին ասում են, թե արգելված է ընթերցել Ազգային Ժողովում: Այդ ընթերցանությունը նկարահանում էր նաև իրավապահ մարմիններով շրջապատված օպերատորը: Ստեղծվել էր տպավորություն, որ այդ օպերատորը կաշկանդում է ընթերցողներին, քանի որ նա անընդհատ փորձում էր ընդհուպ մոտենալ ակցիայի մասնակիցներին և խոշորագույն պլանով նկարահանել նրանց դեմքերը: Երիտասարդները սկսեցին կարդալու ընթացքում պտտվել, ինչը լրացուցիչ դժվարություններ առաջացրեց օպերատորի համար և նա նահանջեց՝ բավարարվելով ակցիայի մասնակիցներին մի-փոքր հեռվից նկարահանելով:
Հինգ րոպե ընթերցանությունից հետո երիտասարդները՝ շարունակելով բարձրաձայն ընթերցանությունը, երթով շարժվեցին դեպի Արամ Խաչատրյանի արձան: Ճանապարհին նրանք հետաքրքրված անցորդներին էին բաժանում "Չորրորդ իշխանություն", "Առավոտ", "Հայկական Ժամանակ", "Ժամանակ Երևան", "Հայք" թերթերը: Երթի ընթացքում երիտասարդներին ուղեկցում էր Պարեկային ավտոմեքենան:






Արամ Խաչատրյանի արձանի մոտ ևս մեկ էջ ընթերցելուց հետո հիմայականները շարունակեցին երթը Մաշտոցի պողոտայով դեպի վար: Երբ խումբը մոտեցավ Ազատության Հրապարակի մատույցներին, ոստիկաններն անմիջապես ոտքի կանգնեցին և փակեցին մուտքը Ազատության Հրապարակ: Սակայն հիմայականների երթուղին այլ ընթացք ուներ՝ նրանք ուղղություն էին բռնել դեպի Ամիրյան-Մաշտոց խաչմերուկ, որտեղ նախատեսված էր հաջորդ կանգառը: Ճանապարհին բաժանելով ևս մի-քանի տասնյակ թերթեր նրանք անցան վերոհիշյալ խաչմերուկով և մտան Հանրապետության Հրապարակ, որտեղ նախատեսված էր նախավերջին կանգառը:



Այնուհետև երթի մասնակիցները գնացին Հյուսիսային պողոտա, որտեղ երթն ավարտվեց խաշած լեզվի համտեսմամբ՝ խորհրդանշելով, որ ՀԻՄԱ-ն հենց հիմա լծվում է ազատ մամուլի զարգացման բոլոր խոչընդոտները վերացնելու դժվար գործին:





ՀԳ. Երթի ընթացքում հիմայականներին միացան տարբեր մարդիկ՝ երիտասարդներ և ծերեր, սակայն երթի մասնակիցների քանակը չհատեց 100-ի սահմանը, ուստի ակցիան անց-կացնելու համար որևէ մեկին իրազեկելու անհրաժեշտություն չկար: Քաղաքային տրանսպորտի երթևեկությանը նույնպես վնաս չի հասվել, քանզի խաչմերուկները հատվել են բացառապես կանաչ լույսի ներքո:


Saturday, May 3, 2008

ՀՀ քաղաքացին տեղեկացված չէ իր երկրում տեղի ունեցող իրադարձություններից

Քվեարկությանը մասնակցել է 91 մարդ: Նրանցից շուրջ 60% կարծում են, որ կամ օբյեկտից ինֆորմացիան հասանելի է քչերին, կամ էլ, որ ընդհանրապես օբյեկտիվ ինֆորմացիա գոյություն չունի: Նշենք, որ այդ երկու խմբերը բաժանվել էին մոտավորապես հավասարապես՝ 24 ընդդեմ 30-ի:
Քվեարկության մասնակիցների մեկ այլ մասը ՝ 35% կարծում է, որ ցանկացած հետաքրքրված անձ ստանում է իրեն անհրաժեշտ ինֆոմացիան: Եվ միայն 5%-ն է կարծում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները տեղյակ են իրենց հայրենիքում ծավալվող իրադարձություններից:

Վերջում ավելացնենք, որ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցիչը Մամուլի միջազգային օրվա կապակցությամբ տարածել է հայտարարություն, որում Հայաստանը նշված է այն երկրների շարքում, որտեղ "որպես վրեժխնդրություն քննադատական լուսաբանման համար" լրագրողների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն:

Thursday, May 1, 2008

Մամուլի ազատության օր կամ “Խաշած” լեզվի վերջը



Մայիսի 3-ին ժամը 17.00-ին Հիման և նրա “Խոսքի ազտության” խումբն անցկացնում են ակցիա` նվիրված մամուլի ազատության օրվան: Ակցիան կսկսվի Ազգային Ժողովի մոտից: Ազգային ժողովի ֆասադի երկայնքով բոլորս կարդում ենք "Չորրորդ իշխանություն" թերթը, որն արգելված է Ազգային Ժողովում: "Չորրորդ իշխանության" մի քանի համար Ազգային Ժողովում թողնելուց հետո “թերթերով" իջնում ենք Ա. Խաչատրյանի արձան, որտեղ մի քանի րոպե նորից կանգնում ենք և թերթ ենք կարդում` սկսելա-յի ականջը կանչի:
Յուրաքանչյուրին խնդրում ենք իր հետ բերել առնվազն 5 այն թերթերից, որոնք ինքը կցանկանա, որ ուրիշներն էլ կարդան` անկախ նրանից դա իշխանական է թե ընդդիմադիր (տեխնիկական հարց` քանի որ թերթերը, մասնավորապես ընդդիմադիր, կրպակներում շուտ են սպառվում, կարող եք նախորդ օրը թերթ վաճառողներին խնդրել, որպեսզի Ձեր համար թերթ պահեն հաջորդ օրվա համար): Թերթաերթի ժամանակ հետքրքրված անցորդներին բաժանելու ենք այդ թերթերը: Այնուհետև երթով իջնելու ենք Մաշտոցի պողոտայով և թերթակարդությունը շարունակվելու է Ամիրյան-Մաշտոց խաչմերուկի չորս անկյուններում, որը սովորաբար մարդաշատ է լինում: Երթը շարունակվելու է դեպի Հանրապետության Հրապարակ, որտեղ ևս մի քանի րոպե թերթ կկարդանք և մոտավորապես 18.30-ին կհասնենք Հյուսիսային պողոտա, որտեղ տեղի կունենա խաշած լեզվի հանդիսավոր համտեսում, ինչը կխորհրդանշի, որ ՀԻՄԱ-ն հենց հիմա վերացնում է բոլոր խոչընդոտները՝ ազատ մամուլի զարգացման համար:

8 օր ժամանակ 9 քաղբանտարկյալներին ազատելու համար

Երեկ ի պաշտպանություն շիրակցի 9 քաղբանտարկյալների՝ բողոքի ակցիայով հանդես եկան մարզի ամենաըմբոստ ու ինքնատիպ գյուղի՝ Ձորակապի բնակիչները: Հիշեցնենք, որ այս գյուղը պատմության մեջ մտել է որպես Ռոբերտ Քոչարյանին ոչ մի ձայն չտված ու սահմանադրական բարեփոխումները բոյկոտած տեղանք: «Ազատություն, ազատություն, Սերժիկ, հեռացիր» վանկարկելով՝ ձորակապցիները քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար 8 օր ժամանակ տվեցին իշխանությանը, այլապես «իրենք էլ իշխանությունների նման կանցնեն կոշտ ու հակաօրինական մեթոդների: «Էդ ինչպե՞ս է, որ 116 կալանավորվածներից ոչ մեկին չեն արդարացնում, պարզ է, որ դրանք ստանդարտ, թելադրված դատավարություններ են»,- ասաց քաղբանտարկյալներ Մուշեղ եւ Շոթա Սաղաթելյանների քույրը՝ Թամարան: 7 տարվա ազատազրկման դատապարտված մարալիկցի քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանի 80-ամյա մայրը՝ Եվգինե Ուռուտյանն ասաց, որ Հայաստանը աշխարհով մեկ ծիծաղի առարկա է դարձել՝ ազգային հերոսներին «բանտախցերը նետելու» ու հացադուլի դրդելու համար: Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սեւակը, նախազգուշացրեց՝ եթե մինչեւ մայիսի 8-ը՝ ԵԿՄ-ի օրը, իրենց պահանջները չբավարարվեն, ոչ միայն գյուղովի հացադուլի կնստեն, այլեւ կփակեն Ձորակապով անցնող Երեւան-Գյումրի մայրուղին:




Աղբյուր Առավոտ օրաթերթ ՈՒԹ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Wednesday, April 30, 2008

Մարդու իրավունքների զեկույց 2007Թ.

  Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ Պետ. Դեպարտամենտի Հայաստանում  Մարդու իրավունքների տարեկան զեկույցի Հասարակական ազատությունների վերաբերյալ մասը: Նյութն ամբողջությամբ կարող եք ընթերցել այստեղ :

ՄԱՍ 2. ՀԱՐԳԱՆՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

ա) Խոսքի և մամուլի ազատություն

Սահմանադրությամբ ամրագրվում է խոսքի և մամուլի ազատությունը, սակայն գործնականում կառավարությունն ընդհանուր առմամբ չի հարգել այս իրավունքները: Գրանցվել են բռնության, ահաբեկման ու ինքնագրաքննության դեպքեր մամուլում:

Օգոստոսի 18-ին չորրորդ Համահայկական խաղերի բացման ժամանակ Երևանում ոստիկանությունը թույլ չի տվել մի քանի քաղաքացիների կառավարությանը քննադատելու համար բանտում հայտնված մարդկանց ազատելու կոչ անող թռուցիկներ բաժանել խաղերի մասնակիցներին ու միջոցառմանը ներկա անձանց: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների ոստիկանությունը կարճ ժամակավով կալանավորել և ավելի ուշ ազատ էր արձակել երեք հոգու, իսկ բաժանվելիք թռուցիկներն առգրավվել:

Ըստ հաղորդումների օգոստոսի 26-ին Համահայկական խաղերի փակման ժամանակ ոստիկանությունը խոչընդոտել է մայիսի 12-ին ոստիկանությունում կասկածելի հանգամանքներում մահացած Լևոն Գուլյանի ընտանիքի անդամների կողմից թռուցիկների տարածմանը: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների ներկա ոստիկաններն առգրավեցին թռուցիկները` նշելով, որ դրանցում ոստիկանությանը հեղինակազրկող մեղադրանքներ կան ու սպառնացին ձերբակալել նրանց, ովքեր կամավոր չեն հանձնի թռուցիկները:

Հոկտեմբերի 30-ին ոստիկանությունը քրեական մեղադրանք ներկայացրեց երկու ընդդիմադիր թերթերի խմբագիրների` “Հայկական ժամանակի” խմբագիր Նիկոլ Փաշինյանին ու “Չորրորդ իշխանության” խմբագիր Շողեր Մաթևոսյանին: Նրանք երկուսն էլ մասնակցել էին հոկտեմբերի 23-ին կայացած ընդդիմության երթին, որը ցրվել էր ոստիկանության կողմից: Մեղադրանքներն էին. “խմբակային խուլիգանական արարք” և “բռնություն իշխանության ներկայացուցչի դեմ”: Տարեվերջի դրությամբ խմբագիրների նկատմամբ մեղադրանքները դեռ առկախ էին:

Ըստ հաղորդումների հոկտեմբերի 14-ին նախագահի թեկնածու ու նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի կառավարությանը քննադատող ելույթը հեռարձակելուց հետո Գյումրու անկախ Գալա հեռուստաընկերությունը դարձավ տարբեր պետական մարմինների ծավալուն ստուգումների թիրախ` նպատակ ունենալով փակել հեռուստակայանը կամ հաղորդումների բովանդակային մասը համահունչ դարձնել պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցների բովանդակային մասին: Հոկտեմբերի 31-ին Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) սկսեց աուդիտ ընկերությունում` նախապես հոկտեմբերի 25-ին տրված հարցազրույցում նշելով, որ ընկերությունը խախտել է հարկային կանոնակարգերը: Նոյեմբերի 14-ին ՀՊԾ-ը մեղադրեց Գալա հեռուստաընկերությանը վերջին երկու տարիների ընթացքում շուրջ 86000 ԱՄՆ դոլար (26 միլիոն ՀՀ դրամ) հարկերից խուսափելու մեջ: Գալա հեռուստաընկերության հիմնադիր “Չափ” ընկերությունը չընդունեց այդ մեղադրանքն ու հայտարարեց, որ աուդիտի արդյունքները քաղաքական շարժառիթներ ունեն: ՀՊԾ-ն աուդիտից հետո դիմեց տնտեսական դատարան` Գալա հեռուստաընկերության բանկային հաշիվներն ու ակտիվները սառեցնելու պահանջով: Պահանջը սկզբում չբավարարվեց, սակայն մեկ շաբաթ անց, երբ տնտեսական դատարանի հաղորդմամբ ՀՊԾ-ն ներկայացրեց պահանջը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր, արգելանք դնելու թույլտվությունը տրվեց: Բացի այդ, ՀՊԾ-ը մեղադրեց Գալա հեռուստաընկերությանը իր հեռարձակումների համար պետությանը պատկանող հեռուստաաշտարակը անօրինականորեն օգտագործելու մեջ: Գյումրու քաղաքապետը դիմեց տնտեսական դատարան Գալա հեռուստաընկերության հաղորդակը աշտարակից հանելու հայցով: Գալա հեռուստաընկերությունը դիմեց տնտեսական դատարան` բողոքարկելով ՀՊԾ-ի աուդիտի արդյունքները: Գալա հեռուստաընկերության դեմ բոլոր գործերը տարեվերջի դրությամբ առկախ էին:

Նոյեմբերի 6-ին ՀՊԾ-ի կողմից Գալա հեռուստաընկերությունում աուդիտի անցկացման ժամանակ տեսուչներից մեկը հարձակում էր գործել աուդիտի ընթացքը տեսագրող օպերատորի վրա` փորձելով խեղդել նրան ու ձեռքից վերցնել տեսախցիկը: Օպերատորի բողոքելուց հետո ոստիկանությունը քննություն սկսեց այս գործով, սակայն նոյեմբերի 30-ին որոշվեց քրեական գործ չբացել: Դեկտեմբերի 24-ին Գալա հեռուստաընկերությունը դիմել է գլխավոր դատախազությանը` բողոքարկելու ոստիկանության այդ որոշումը:

Դեկտեմբերի 6-ին հարկային տեսուչներն առգրավեցին “Այլընտրանք” ընդդիմադիր քաղաքական շարժման պատվերով տպագրված հազարավոր թռուցիկներ, որոնք հայտարարում էին Երևանում դեկտեմբերի 8-ին կայանալիք ընդդիմադիր երթի մասին: Ըստ հաղորդումների ընդդիմադիր ակտիվիստ Արտակ Առաքելյանը վեց ժամ մնացել է կալանքի տակ և տուգանվել է 50 ԱՄՆ դոլարի (15000 դրամի) չափով այն բանի համար, որ թռուցիկների ծագումը հաստատող փաստաթղթեր չուներ: ՀՊԾ անձնակազմը ստուգել է նաև Վան Արյան տպագրատան հաշվապահական գրքերն ու կարճ ժամանակով բերման ենթարկել աշխատողներից մեկին:

Դեկտեմբերի 13-ին “Չորրորդ իշխանություն” ընդդիմադիր թերթի գրասենյակը ցնցվեց պայթյունից, որը թերթի գլխավոր խմբագիրը կապում է կառավարությանը քննադատող հրապարակումների հետ: Պայթուցիկ սարքը տեղադրված էր գրասենյակի մուտքի մոտ: Պայթյունը տեղի ունեցավ վաղ առավոտյան` վնասելով դուռն ու գրասենյակի կահույքի մի մասը: Պայթյունի ժամանակ գրասենյակում ոչ ոք չկար, քանի որ դա աշխատանքային օրը սկսելուց ժամեր առաջ էր եղել: Ոստիկանությունը այս փաստի կապակցությամբ քննություն է սկսել, որը տարեվերջի դրությամբ դեռ ընթացքի մեջ էր:

2006 դեկտեմբերին իշխանությունները ձերբակալեցին քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանին ու Վարդան Մալխասյանին քաղաքական հավաքի ժամանակ իրենց ունեցած ելույթների համար` պնդելով, թե վերջիններս պլանավորում էր հեղաշրջում:

Թերթերի մեծ մասը մասնավոր են, բացառությամբ պետական ֆինանսավորմամբ գործող “Հայաստանի Հանրապետություն” ու դրա ռուսալեզու տարբերակ “Ռեսպուբլիկա Արմենիա” թերթերի: Տպագիր լրատվամիջոցներն ակտիվորեն հետևել են լրատվությանը և առանց սահմանափակումների արտահայտել են տարբեր կարծիքներ, բայց ոչ մի թերթ ամբողջովին անկախ չի եղել տնտեսական կամ քաղաքական շահեր հետապնդող խմբերի կամ անհատների հովանավորչությունից:

Թերթերի փոքր տպաքանակի պատճառով հիմնականում մարդիկ նորություններ և տեղեկություններ են ստանում հեռուստատեսության և ռադիոյի միջոցով: Ամբողջ հանրապետությունում եղել են 14 ռադիոկայան և 42 հեռուստաընկերություն, որոնց մեծ մասը մասնավոր է: Մասնավոր հեռուստաալիքները հեռարձակել են լավ տեխնիկական որակի նորություններ. սակայն հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների նորությունների բովանդակային որակը տարբեր է եղել: Կայանների մեծ մասը հանդիսացել են կառավարամետ քաղաքական գործիչների կամ ազդեցիկ գործարարների սեփականություն, որը եղել է լրագրողներին ինքնագրաքննության մղող գործոն: Ընդհանուր առմամբ, հեռարձակող մամուլը կառավարամետ գիծ է պահպանել: Հայաստանի բոլոր հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները խուսափել են կառավարությանը քննադատող խմբագրական մեկնաբանություններից ու լրատվությունից:

Երկրում գործող վերջին անկախ Ա1+ հեռուստակայանը տարեվերջի դրությամբ դեռ մնում էր առանց եթերային հաճախականության: Ա1+ հեռուստաընկերությունը եթերազրկվեց 2003թ., երբ կառավարությունը չեղյալ համարեց վերջինիս տրված հաճախականությունը, մի քայլ, որում շատ դիտորդները նկատեցին քաղաքական դրդապատճառներ: Ա1+ ընկերությունը, որ 2003թ. ի վեր հեռարձակման լիցենզիա ստանալու 12 անհաջող դիմում էր ներկայացրել, տարվա ընթացքում նոր դիմում չի ներկայացրել:

Մայիսի 12-ի ընտրություններին նախորդող 40-օրյա նախընտրական ժամանակահատվածում հեռարձակող լրատվամիջոցներն ավելի առատաձեռն էին ընդդիմադիր քաղաքական գործիչների լուսաբանմանը հատկացված ժամանակի հարցում, քան նախորդ տարիներին: Մի քանիսին հնարավորություն տրվեց եթերից ներկայացնել իրենց ծրագրերն ու դիրքորոշումները: Հանրային հեռուստատեսությունը պահպանել է օրենքի պահանջը` տրամադրել ընտրապայքարի մեջ մտած յուրաքանչյուր կողմին օրական երկու րոպե անվճար եթերաժամ, որորնք արվում էին առանց խմբագրական սահմանափակումների: Այնուհանդերձ, իր անցկացրած մամուլի մոնիտորինգի հիման վրա ԵԱՀԿ-ն հաղորդել է, որ հեռուստատեսությամբ մատուցվող առավել ընդգրկուն լուսաբանումը քննադատական մեկնաբանություններ չէր ներառում:

Հոկտեմբերից մինչև դեկտեմբերի կեսը, 2008թ. փետրվարի նախագահական ընտրությունների նախաշեմին, TEAM հետազոտական կենտրոնը Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի հայկական մասնաճյուղի ու Երևանի մամուլի ակումբի հետ անցկացրել է հեռարձակվող լրատվամիջոցների մոնիտորինգ: Տարվա ընթացքում հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսներին երկու միջանկյալ զեկույց է հրատարակվել: Զեկույցը բացահայտում է նախագահական երկու թեկնածուների` վարչապետ Սերժ Սարգսյանի ու նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ խիստ կողմնակալ լուսաբանումների առկայությունը: Մասնավորապես` լայնորեն լուսաբանվել է վարչապետի պաշտոնեական գործունեությունը ` հիմնականում չեզոք կամ դրական լույսի ներքո, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին վերաբերող լուսաբանումները մեծամասամբ բացասական լույսի ներքո են վերջինիս ներկայացրել, իսկ հազվադեպ դեպքերում դրանք չեզոք են եղել:

Միջազգային լրատվամիջոցները հիմնականում ազատ են գործել: Հուլիսին Հանրային ռադիոն տեղեկացրեց “Ազատություն” ռադիոկայանին, որ օտարերկրյա հեռարձակումների մասով նոր քաղաքականություն է որդեգրել ու այլևս օտարերկրյա ծրագրերի համար եթեր չի տրամադրելու: “Ազատություն” ռադիոկայանը հանրային ռադիոյի եթերով հեռարձակվող միակ օտարերկրյա ծրագիրն էր, ու նաև միակ ռադիոհեռարձակողը, որը ներկայացնում էր քննադատական տեսակետներ կառավարության վերաբերյալ: Ի վերջո, “Ազատություն” ռադիոկայանը ստորագրեց համաձայնագիր իր ծրագրերը մասնավոր ռադիոեթերով հեռարձակելու վերաբերյալ, որի սփռման շրջանակը երկրի մակարդակով ավելի փոքր էր, քան Հանրային ռադիոյինը:

Կեղծիքի ու խարդախության համար հունիսին Երևանի դատարանը լրագրող Գագիկ Շամշյանին դատապարտեց 30-ամսյա պայմանական ազատազրկման` երկու տարի փորձաշրջանով: Դատարանը նաև պահանջեց, որ նա վճարի 580 ԱՄՆ դոլար (200000 դրամ) մասնավոր հայցվորին: Սա եղավ մի միջադեպից հետո, երբ 2006թ. Շամշյանը հրապարակավ տեղի քաղաքական մի առաջնորդի ընտանիքի մասին մեղադրանքներ հնչեցրեց, որոնցից նա հետագայում հրաժարվեց ֆիզիկական հարձակումից հետո:

Ոստիկանությունը տարվա ընթացքում բռնացել է լրագրողներին: Մայիսի 9-ին, երբ ցրում էին մի քանի ընդդիմադիր կուսակցություններ միավորող Իմփիչմենթ դաշինքի նախընտրական հանրահավաքը, ոստիկանները ուժ են կիրառել երկու լրագրողների հանդեպ. “Հայաստանի Հանրապետություն” օրաթերթից Ծովինար Նազարյանի և, մի շարք ընդդիմադիր թերթերի համար աշխատող արտահաստիքային լրագրող Գագիկ Շամշյանի հանդեպ: Ոստիկանությունը փորձ է արել առգրավել Շամշյանի տեսախցիկը, սակայն հանրահավաքի մասնակիցները դա թույլ չեն տվել: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Նազարյանի վրա, որը փորձում էր նկարահանել ոստիկանական գործողություններըը:

Հոկտեմբերի 25-ին “Չորրորդ իշխանության” լրագրող Գոհար Վեզիրյանը տեղափոխվել է հիվանդանոց ուղեղի ցնցումով, որն ըստ հաղորդումների ստացել էր հոկտեմբերի 23-ի երթը ցրելու ժամանակ, երբ ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ ու մահակներ:

Տարվա ընթացքում եղել են լրագրողների նկատմամբ ոտնձգությունների ու ահաբեկման փաստեր անհայտ անձանց կողմից:

Հունվարին անհայտ անձինք հրկիզել են “Ֆուտբոլ պլյուս” շաբաթաթերթի խմբագիր Սուրեն Բաղդասարյանի ավտոմեքենան: Հրկիզման նմանատիպ մի փորձ էլ եղել էր 2006թ. փետրվարին, երբ Բաղդասարյանը անդրադարձել էր այն հանգամանքին, որ Հայաստանի թիմը հրաժարվել էր խաղալ Ադրբեջանի թիմի հետ: Ոստիկանությունը անմիջապես քննություն սկսեց, սակայն տարեվերջի դրությամբ հրկիզողները դեռ չէին հայտնաբերվել:

Փետրվարի 8-ին անհայտ անձինք հրկիզել են Panorama.am ինտերնետային լրատվականի տնօրեն ու “Իմ իրավունք” շաբաթաթերթի խմբագիր Արա Սաղաթելյանի մեքենան: Տարեվերջի դրությամբ ոստիկանության քննությունը դեռ շարունակվում էր:

Սեպտեմբերի 15-ին երկու անհայտ հանցագործներ հարձակվել են “Իսկական իրավունք” ընդդիմադիր թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի վրա ու մետաղյա ձողերով ծեծել նրան. Գալաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Գլխավոր դատախազությունը այս փաստով անհապաղ քննություն է սկսել, սակայն տարեվերջի դրությամբ գործով նոր զարգացումներ չկային: Գալաջյանը նմանատիպ հարձակման զոհ էր դարձել 2006թ. սեպտեմբերին, սակայն մեղավորներն այդպես էլ չեն հայտնաբերվել կամ ձերբակալվել:

“Ժամանակ Երևան” ընդդիմադիր օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանը, որը դատապատվել էր 2006թ. սեպտեմբերին փաստաթղթերի կեղծման ու զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով, դեռ բանտում էր: Բաբաջանյանն ընդունում էր իր մեղավորությունը, սակայն շատերը կարծում էին, որ 4 տարվա ազատազրկումը սովորականից խիստ պատիժ էր, իսկ որոշ դիտորդների գնահատմամբ նա օրենքի ընտրողական կիրառման զոհ էր դարձել: Հունվարի 12-ին վերաքննիչ դատարանը մեղավոր ճանաչելու մասին վճիռն անփոփոխ թողեց, սակայն պատժաչափը նվազեցրեց վեց ամսով: Տարվա ընթացքում դատարանը երկու անգամ` օգոստոսին և դեկտեմբերին, մերժել է պայմանական ազատ արձակելու նրա դիմումները:

Ինտերնետի ազատություն

Կառավարությունը չի սահմանափակել ինտերնետից օգտվելու հնարավորությունը, չեն եղել հաղորդումներ այն մասին , որ կառավարությունը հսկել է էլեկտրոնային փոստը կամ ինտերնետային ճեպազրույցները: Անհատներն ու խմբերը կարողացել են խաղաղ կերպով արտահայտել իրենց տեսակետները ինտերնետով, ներառյալ՝ էլեկտրոնային փոստով: Քաղաքներում կան բազմաթիվ ինտերնետ–սրճարաններ, չնայած տեղական ինտերնետ ծառայության մատուցման կապը նորմալ օգտվելու համար հաճախ շատ դանդաղ է:

Ուսումնակրթական ազատություն ու մշակութային միջոցառումներ

Ընդհանուր առմամբ, ուսումնակրթական ազատության ու մշակութային միջոցառումների մասով սահմանափակումներ կառավարության կողմից չեն եղել: Այնուհանդերձ, մարտի 15-ին Երևանի պետական համալսարանի ղեկավարությունն աշխատանքից ազատել է դասախոս Սասուն Սարիբեկյանին իբր դասախոսությունների ընթացքում իշխանություններին քննադատելու ու ընդդիմադիր մի գործչի հետ ուսանողների հանդիպումը կազմակերպելու պատճառով:

Tuesday, April 29, 2008

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ` ՚ՈՉ ԱԶԱՏՙ

Այսօր Վաշինգտոնում տեղական ժամանակով ժամը 14-ից 15.45-ը Freedom House հեղինակավոր կազմակերպությունը կհրապարակի իր ամենամյա զեկույցը 195 երկրներում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ: Նման հետազոտություններ անց են կացվում 1980 թվականից ի վեր:

Արդեն հայտնի է, որ հինգերորդ տարին անընդմեջ հայաստանյան մամուլը Freedom House-ի կողմից գնահատվել է որպես ՚ոչ ազատՙ:

՚Մասնավոր թերթերից քչերն են ինքնաֆինանսավորվող, եւ մեծ մասը կախված են գործարար շրջանակներից ու իշխանական կապերից: Հեռուստաընկերությունների մեծ մասը եւս տնօրինում են կա’մ իշխանամետ քաղաքական գործիչները, կա’մ իշխող կուսակցության հետ կապեր ունեցող գործարարներըՙ,- ընդհանուր գծերով Freedom House-ը այսպես է ներկայացրել հայաստանյան լրատվական դաշտը:

2007 թվականին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Հայաստանը խոսքի ազատության բնագավառում մի փոքր նահանջ է արձանագրել, եւ այժմ աշխարհի շուրջ 195 երկրների շարքում զբաղեցնում է 144-րդ հորիզոնականը` կիսելով այն Գվինեայի, Մալդիվյան Հանրապետության, Մոլդովայի եւ Պակիստանի հետ:

Անդրադառնալով այդ նահանջի շարժառիթներին` կազմակերպության հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը ՚Ազատությունՙ ռադիոկայանի հետ զրույցում առանձնացրել է հատկապես իշխանությունների կողմից ճնշումները, որոնք, զեկույցի համաձայն, ՚իրենց գագաթնակետին են հասել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչպես նաեւ տարեվերջին` 2008 թվականի նախագահական ընտրությունների շեմինՙ:

Կազմակերպությունը նշում է, որ քարոզարշավի ընթացքում, ըստ լրատվական դաշտը դիտարկող խմբերի, էլեկտրոնային լրատվամիջոցները իրենց հաղորդումներում առավելապես իշխանամետ են եղել, թեեւ ընդդիմադիր թեկնածուները, ի տարբերություն նախորդ ընտրական շրջանների, այս անգամ ավելի շատ լուսաբանման են արժանացել:

՚Էլեկտրոնային լրատվամիջոցների մոնիտորինգը ցույց է տալիս, որ նախագահի երկու առաջատար թեկնածուների լուսաբանումը խիստ կանխակալ է եղել. նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ստացել է առավելապես դրական լուսաբանում, նախկին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանը` խիստ քննադատականՙ, - փաստում է Freedom House-ը:

՚Lրատվամիջոցների նկատմամբ ճնշում կար` չլուսաբանել ընդդիմադիր գործիչներինՙ, - գրում է հեղինակավոր կազմակերպությունը եւ փաստում, որ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ինտենսիվ ճնշումների է ենթարկվել, երբ հեռարձակել է առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը. - ՚Հարկային մարմինները սկսեցին ստուգումներ իրականացնել հեռուստաընկերությունում, ինչը ներկայանում է որպես իշխանությունների կողմից աջակցվող ջանք` կայանը փակելու նպատակովՙ:

Զեկույցը հիշատակում է նաեւ ՚Չորրորդ իշխանությունՙ թերթի խմբագրության շեմին անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած պայթյունը, որը փորձագետները կապում են իշխանությունների հասցեին ընդդիմադիր պարբերականի տպագրած քննադատական հրապարակումների հետ: Նշվում է, որ թերթի լրագրողները տարվա ընթացքում բանավոր եւ ֆիզիկական հարձակումների են ենթարկվել:

Սկզբնաղբյուր www.a1plus.am

Friday, April 25, 2008

Օրվա սուտ լուրը

Երթի մասնակիցները Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հուշահամալիրի հարևանությամբ, մի-քանի րոպե շարունակ գոռացել են "Լևո՛ն նախագահ":

Ապրիլի 24-առանց մեկնաբանության

Նամակ Հ1-ին - նախագիծ

Բոլորիս համար ակնհայտ էր, որ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների որակը վերջնականապես ձևավորելու է Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը: Զբաղված լինելով Արևմուտքից ընտրական պրոցեսների բացասական կողմերը քողարկելով, մեր իշխանությունների ռեսուրսները չհերիքեցին նույնանման ուշադրության արժանացնել նաև հայ քաղաքացուն: Ուստի առճակատումն անխուսափելի էր…
Սակայն անգամ ամենահոռետես քաղաքացիները չէին ակնկալում, որ այն կբերի այսքան ողբերգական ներքին զարգացումների: Կան զոհվածներ, կան ձերբակալվածներ, կան վիրավորներ, կան ընկճվածներ… միայն շահող չկա: Այս ամենի արդյունքում տուժեց հայությունը: Մեր հասարակության մեջ նկատվում է աննախադեպ պառակտվածություն: Եվ այդ պառակտումը հատկապես զգալի է երիտասարդության շրջանում: Էությամբ լինելով ըմբոստ և ազատատենչ նրանք բաժանվեցին երկու, իրար չընկալող ու չհասկացող ճամբարների: Իրար հետ մեծացած, միասին մանկությունն անց-կացրած քսանամյա տղաներն այլևս իրար չեն ընկալում որպես մանկության ընկերներ: Եվ դրա պատճառը միակն է` նրանք ստացել են տեղեկատվություն տարբեր լրատվամիջոցներից: Նրանք տիրապետում են բացարձակապես իրարամերժ տեղեկությունների, ուստի իրար չեն կարող լսել ու հասկանալ:
Մենք չենք պատրաստվում անդրադառնալ միակողմանի ինֆորմացիայի տարածման գործում Ձեր հեռուստաալիքի մասնաբաժնին, սակայն բոլորին է ակնհայտ, որ այսօր հասարակության կողմից Հանրային Հեռուստաալիքը չի ընկալվում որպես հանրային: Այդ իսկ պատճառով պահանջում ենք ձեզանից կամք դրսևորել և լինել այն հեռուստաալիքը, որի առաքելությունը Դուք ունեք և որի համար ֆինանսավորում եք ստանում պետական բյուջեից: Մենք պահանջում ենք, որպեսզի դուք կատարեք Ձեր նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պարտավորություններին, մասնավորապես
1. տրամադրել ամբողջական և անաչառ տեղեկատվություն,
2. անդրադառնալ հասարակությանը հուզող հարցերին:

Եթե առաջին պահանջը կատարելու համար պարզապես պետք է վերացնել գրաքննությունը ձեր հեռուստաալիքում, ապա երկրորդ պահանջը կյանքի կոչելը միգուցե այնքան էլ հեշտ չէ: Մենք Ձեզ կոչ ենք անում սկսել երիտասարդությունից, ոչ միայն որովհետև (ինչպես վերը նշվեց) այն մեր հասարակության ամենազգայուն մասն է, այլ նաև այն պատճառով, որ երիտասարդությունն է ցանկացած ազգի հպարտությունն ու շարժիչ ուժը, ուստի մենք պարտավոր ենք այնպես անել, որ մեր երիտասարդները լինեն միասնական և համերաշխ:
Այդ իսկ պատճառով կոչ ենք անում Ձեր եթերում ժամանակ հատկացնել և բանավեճերի միջոցով գտնել շփման եզրեր այլախոհ երիտասարդների միջև: Մեր խորին համոզմամբ դրա ամենաարդյունավետ միջոց հանդիսանում է այլակարծիք երիտասարդների և հասարակության կողմից ընդունված և հարգված այրերի միջև առողջ բանավեճը:
Սակայն, եթե այդպիսի հաղորդումների ընթացքում դուք հրավիրեք միայն իշխանություններին սպասարկող կուսակցությունների երիտասարդական թևերի կամ ԲՈՒՀ-երի քաղաքկանացված ուսանողական խորհուրդների անդամների և ծավալեք “ֆիկտիվ” և բովանդակությունից զուրկ քննարկում, ապա վստահ եղեք, որ այդ նախաձեռնությունը դատապարտված է ձախողման, քանզի հասարակությունը վաղուց է հոգնել նման թատերական խեղկատակություններից:
Մենք հետամուտ ենք լինելու այս առաջարկի կյանքի կոչմանը և պատրաստ ենք օգնել հնարավորի սահմաններում: Իսկ եթե զգաք իրական բանավիճելու պատրաստ մարդկանց կարիք, ապա “ՀԻՄԱ” երիտասարդական նախաձեռնության հարյուրավոր անդամներից յուրաքանչյուրը Ձեր տրամադրության տակ է:

24.04.2008 “ՀԻՄԱ” երիտասարդական նախաձեռնություն

Thursday, April 24, 2008

Հիմա էլ են ձերբակալում

Ապրիլի 23-ի երեկոյան ժամը 19:40-ի սահմաններում "Նոյյան Տապան" գրախանութի դիմացից Ոստիկանության Կենտրոն բաժին է բերման ենթարկվել "Հիմա" երիտասարդական նախաձեռնության անդամ 26-ամյա Արսեն Թորոսյանը: Ծանոթանալով թռուցիկների բովանդակության հետ և պարզելով որ Արսենի բաժանած թռուցիկներում պարզապես տեղյակ էր պահվում ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ երթի մասին, ոստիկաններըը նրան ազատ արձակեցին:
Նույն օրը երեկոյան 22:00 սահմաններում Արսենին տեսել են չարաբաստիկ "Նոյյան Տապան" գրախանութի մոտ՝ ընկերներով շրջապատված: Նա ձեռքում ուներ պահած կարմիր կակաչ, որը հավանաբար նվեր էր ստացել իր ընկերուհուց՝ ցուցաբերած անվախության և համարձակության համար:

Ստորև բերում ենք թռուցիկի բովանդակությունը.

Սիրելի հայրենակիցներ

Ազատության, արժանապատվության և արդարության համար Հայաստանի քաղաքացիների համաժողովրդական շարժումը փորձ արվեց ջարդել մարտի մեկի արյունալի ոճրագործությամբ: Չի հաջողվելու. ապրիլի 24-ը կրկին դառնալու է չդադարած պայքարի նոր սկիզբ, որն ավարտվելու է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ձեռքբերմամբ:
Ապրիլի 24-ին ժամը 15-ին Ազատության հրապարակից և հարակից տարածքից լուռ երթով կշարժվենք դեպի Մեծ Եղեռնի հուշարձան: