Wednesday, June 4, 2008

Բաց նամակ Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը

2006 թվականից ի վեր ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, ՙԱզատագրված տարածքների պաշտպանություն՚ հասարակական նախաձեռնության համակարգող, հայոց բանակի սպա Ժիրայր Սէֆիլյանն ազատազրկված է` իշխանությունների կողմից նրա նկատմամբ տարիներ տևող քաղաքական հետապնդումների, կեղծ մեղադրանքների և անարդար դատավճիռների արդյունքում: Մինչև կալանքն իբրև հալածանքի միջոց էր կիրառվում նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու պարբերական և անհիմն մերժումը: Իսկ այսօր Սեֆիլյանին արդեն սպառնում են արտաքսել Հայրենիքից:
Ապօրինի քաղաքական հետապնդումներն անբարո են բոլոր դեպքերում: Սակայն կրկնակի անբարոյականություն է, երբ Հայաստանում քաղաքական գործունեության համար հալածվում է պատերազմին մասնակցելու նպատակով Հայրենիք եկած Արցախյան պատերազմի ամենահայտնի զորամասերից մեկի հրամանատարը, որի դեպքում ՙՄարտական Խաչն՚ անբավարար է նրա անցած մարտական ուղին բնութագրելու համար, մի հայ, ով իր և իր զավակների կյանքը Հայաստանից դուրս չի պատկերացնում, ում օտարերկրացի կոչելն իսկ ամոթ է: Եվ առնվազն տարօրինակ է, երբ այդպիսի մարդու քաղաքական հետապնդումն իրականացնում է իրեն նժդեհյան գաղափարների հետևորդ համարող քաղաքական ուժը` իշխանատենչությունից դրդված:
Առանձին հանրապետական գործիչներ այս հարցով արտահայտվելիս հաճախ կրկնում են, որ Ժիրայրը հարգանքի արժանի զինվոր է, սակայն ոչ մեկին թույլատրված չէ օրենք խախտել: Ճիշտ է: Սակայն պարսավելի է, երբ այդ խոսքերը հնչում են այն քաղաքական ուժի կողմից, որի ղեկավարների պատվերով ԱԱԾ-ն, դատարանները, Ոստիկանությունը և բազմաթիվ այլ օղակներ հերոսի նկատմամբ ապօրինի գաղտնալսումներ և հետապնդումներ են իրականացնում, հորինված մեղադրանքներով նախաքննությունն են ձգձգում նրան կալանքի տակ հնարավորինս երկար պահելու համար, ստում, թե ատրճանակով նա չի պարգևատրվել ու մի ամբողջ զինապահեստ են ՙհայտնաբերում՚ նրա ՙգործի շրջանակներում՚, ԼՂՀ ՊՆ կողմից կարգ խախտելու համար նրան են մեղավոր ճանաչում, հետո զրկում պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորությունից, ոչ քաղաքացիություն են տալիս, ոչ էլ կեցության իրավունք, հետո էլ փորձում են արտաքսել` մոռանալով, որ խոսքը գնում է ՙՀայաստանին բացառիկ ծառայություններ մատուցած՚ ՙազգությամբ հայի՚ մասին, որի խնամքի տակ գտնվող երկու անչափահաս երեխաներն ամբողջ կյանքն ապրել են Հայաստանում:
Եթե մեր պնդումները գոնե մասամբ չեն համապատասխանում իրականությանը, ապա պահանջում ենք անհապաղ գնահատական տալ Ժ. Սէֆիլյանի հանդեպ իշխանությունների բոլոր գործողություններին, դիրքորոշում հայտնել նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցի վերաբերյալ և պահանջել անհապաղ դադարեցնել Սեֆիլյանին արտաքսելու գործընթացը:
Ակնկալում ենք ձեզանից հրապարակային պատասխան մինչև Ժ. Սէֆիլյանի ազատազրկման ժամկետի ավարտը` սույն թվականի հունիսի 9-ը:


ՙՀԻՄԱ՚ երիտասարդական նախաձեռնություն
ՙՀատուկ Գունդ՚ երիտասարդական նախաձեռնություն

4 հունիսի, 2008թ.

No comments: