Wednesday, June 4, 2008

Բաց նամակ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությանը

2006 թվականից ի վեր ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, փոխգնդապետ, ՙՄարտական խաչ՚ շքանշանի առաջին աստիճանի ասպետ, ՙԱզատագրված տարածքների պաշտպանություն՚ հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը գտնվում է կալանքի տակ` իշխանությունների կողմից նրա նկատմամբ տարիներ տևող քաղաքական հետապնդումների արդյունքում: Սկզբնական շրջանում իբրև հալածանքի միջոց էր կիրառվում նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու պարբերական և անհիմն մերժումը, իսկ 2006թ-ի դեկտեմբերի 9-ից` կալանքը, ինչի ՙհիմնավորում՚ է ընտրվել ԼՂՀ ՊԲ-ի կողմից իրեն իբրև մարտական պարգև շնորհված զենքը:
Հետևողական հալածանքների միջոցով Ժ. Սէֆիլյանին Հայաստանը կամովին լքել ստիպելու իրենց ծրագրում հաջողության չհասնելով` ՀՀ իշխանությունները պատրաստվում են դիմել հերթական ապօրինի քայլին` արտաքսմանը: Այդ պահանջով ՀՀ Ոստիկանության իրավական ապահովման վարչության պետն արդեն դիմել է ՀՀ վարչական դատարան: Դիմումը ժամանակավորապես վերադարձվել է անգրագետ լրացման պատճառով:
Ազատամարտիկ Ժ. Սէֆիլյանը, սակայն, որը 17 տարի է ապրում է ՀՀ-ում, ՀՀ օրենսդրության համաձայն ունի բոլոր իրավունքները պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ինչպես նաև ենթակա չէ արտաքսման` խնամքի տակ երկու անչափահաս երեխա ունենալու հանգամանքից ելնելով:
Ավելին` իբրև Արցախյան Ազատամարտի հերոս, պատերազմի տարիներին 23 տարեկան հասակում Լիբանանից կամովին հայրենիքը պաշտպանելու եկած զինվոր, ազգային-հասարակական գործիչ` իր կենսագրությամբ վաստակել է իր հայրենիքում առանձնահատուկ հարգանքի և գնահատանքի արժանանալու իրավունքը:
Մինչդեռ ՙԲարգաված Հայաստանը՚ և Կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունները չեն արտահայտել ազգային հերոսի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունների հանդեպ իրենց վերաբերմունքը և շարունակում են լռակյաց դիտել հալածանքների ուժգնացող շղթան:
Մենք պահանջում ենք անհապաղ գնահատական տալ Ժ. Սէֆիլյանի հանդեպ իշխանությունների բոլոր գործողություններին, դիրքորոշում հայտնել նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցի վերաբերյալ և պահանջել անհապաղ դադարեցնել Սէֆիլյանին արտաքսելու գործընթացը:
Ակնկալում ենք ձեզանից հրապարակային պատասխան մինչև Ժ. Սէֆիլյանի ազատազրկման ժամկետի ավարտը` սույն թվականի հունիսի 9-ը:


ՙՀԻՄԱ՚ երիտասարդական նախաձեռնություն
ՙՀատուկ գունդ՚ երիտասարդական նախաձեռնություն

4 հունիսի, 2008թ.

No comments: