Wednesday, June 4, 2008

Բաց նամակ ՙՀայ Հեղափոխական Դաշնակցություն՚ կուսակցությանը

2006 թվականից ի վեր Ժիրայր Սէֆիլյանը բանտարկված է, իսկ այսօր նրան պատրաստվում են արտաքսել: Կարիք չկա ձեզ ներկայացնելու ՙդաշնակցական՚ գումարտակի հայտնի հրամանատարի մարտական ուղին: Վստահ ենք, որ քաջածանոթ եք նաև ՙհեռացված դաշնակցականի՚ քաղաքական գործունեությանը, որի համար նա տևական ժամանակ հալածվում է իշխանությունների կողմից: Այդ հալածանքի պատասխանատվությունը կրում են նաև Կոալիցիայի կուսակցությունները և դրանց թվում, ոչ վերջին հերթում, Դաշնակցությունը:
Ձեր կողմից բազմիցս արված հավաստիացումները, թե Դաշնակցությունն ամեն ինչ անում է Ժիրայր Սէֆիլյանին ազատելու և նրա արտաքսումը թույլ չտալու համար, հավատ չեն ներշնչում, քանի որ Դաշնակցությունն այդպես էլ հանդես չեկավ Ժիրայրին վերաբերող պաշտոնական որևէ հայտարարությամբ, միջնորդությամբ կամ երաշխավորությամբ, կոալիցիոն գործընկերոջից երբեք չպահանջեց դադարեցնել հետապնդումները և քաղաքացիություն շնորհել Հայրենիքում հաստատված, նրա համար կռված սփյուռքահային: Հատկապես որ, ի տարբերություն դաշնակցականների մեծ մասի, նրա ուզածը երկքաղաքացիություն չէր, այլ Հայաստանի լիարժեք քաղաքացիություն: Ավելին, առանձին դաշնակցականներ նախաքննության շրջանում աջակցություն ցույց տվեցին քարոզչական ստին ու կեղծիքին` ՙվկայելով՚, թե ՙգիտեն՚, որ Ժիրայրը հեղաշրջում է նախապատրաստում, նույնիսկ պնդում էին, որ ՙգիտեն՚ նրա զենքերի տեղը:
Օրերս Հրանտ Մարգարյանը կողմ արտահայտվեց ՙբոլոր հայերին՚ քաղաքացիություն տալուն` նշելով, որ ՙխնդրել է՚ չարտաքսել Ժիրայր Սէֆիլյանին: Սակայն հայտարարությունները բոլորովին վճռական չէին և տպավորություն էր ստեղծվում, որ Դաշնակցության ղեկավարը, համոզված լինելով, որ Սեֆիլյանին միևնույն է արտաքսելու են, ընդամենը փորձում է ազատել իրեն այդ պատասխանատվությունից:
Սակայն Դաշնակցությունը պատասխանատու է: Պատասխանատու է այն բանի համար, որ նաև իր ղեկավարած Հայաստանում կամավորական զինվորին և հայտնի հրամանատարին, Հայրենիքում ապրել ցանկացող ընտանիքի հորը, ազգային-հասարակական գործչին ոչ միայն քաղաքացիություն չեն տալիս, այլ ապօրինաբար վռնդում են երկրից: Պատասխանատու է նաև քաղաքական հետապնդումների համար. դրանք անբարո են բոլոր դեպքերում: Սակայն կրկնակի անբարոյականություն է, երբ Հայաստանում իր քաղաքական գործունեության համար հալածվում է Ժիրայրի պես ազգային հերոսը: Եռակի ամոթ է, երբ նման քաղաքական հետապնդումն իրականացվում է իրեն ազգային համարող կուսակցության լուռ համաձայնությամբ, որի միակ բացատրությունը իշխանությունից չհեռացվելու վախն է:
Եթե մեր պնդումները գոնե մասամբ չեն համապատասխանում իրականությանը, ապա պահանջում ենք անհապաղ գնահատական տալ Ժ. Սէֆիլյանի հանդեպ իշխանությունների բոլոր գործողություններին, դիրքորոշում հայտնել նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցի վերաբերյալ և պահանջել անհապաղ դադարեցնել Սէֆիլյանին արտաքսելու գործընթացը:
Ակնկալում ենք ձեզանից հրապարակային պատասխան մինչև Ժ. Սէֆիլյանի ազատազրկման ժամկետի ավարտը` սույն թվականի հունիսի 9-ը:

ՙՀԻՄԱ՚ երիտասարդական նախաձեռնություն
ՙՀատուկ Գունդ՚ երիտասարդական նախաձեռնություն
4 հունիսի, 2008թ.

No comments: