Wednesday, June 4, 2008

Բաց նամակ ՙՕրինաց Երկիր՚ կուսակցությանը

2006 թվականից ի վեր ԼՂՀ ՊԲ Շուշիի առանձնակի գումարտակի և 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, առաջին աստիճանի ՙՄարտական խաչի՚ շքանշանի առաջին աստիճանի ասպետ, ՙԱզատագրված տարածքների պաշտպանություն՚ հասարակական նախաձեռնության համակարգող, հայկական բանակի պահեստի փոխգնդապետ Ժիրայր Սէֆիլյանն ազատազրկված է` իշխանությունների կողմից նրա նկատմամբ տարիներ տևող քաղաքական հետապնդումների, կեղծ մեղադրանքների և անարդար դատավճիռների արդյունքում: Մինչև կալանքը իբրև հալածանքի միջոց էր կիրառվում նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու պարբերական և անհիմն մերժումը: Իսկ այսօր նրան արդեն սպառնում են արտաքսել Հայրենիքից:
Այս ընթացքում Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ ապօրինություններ գործեցին.
- ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանը, ով երկու անգամ խախտեց ՙՔաղաքացիության մասին՚ օրենքը, ըստ որի նա պարտավոր էր պարզեցված կարգով քաղաքացիություն շնորհել ՙՀայաստանին բացառիկ ծառայություններ մատուցած՚, ՙազգությամբ հայ՚ Ժիրայր Սէֆիլյանին:
- ԱԱԾ-ն, որը տևական ժամանակ ապօրինի գաղտնալսումներ և հետապնդումներ իրականացրեց, ակնհայտ անհիմն մեղադրանք ներկայացրեց 301 հոդվածով և հնարավոր առավելագույն ժամկետով ձգձգեց նախաքննությունը, բացի այդ, ձերբակալեց մեկ այլ ազատամարտիկի, որի տանը գտնվող և իրենց վաղուց հայտնի զինանոցը ներկայացրեց որպես ՙՍեֆիլյանի գործի շրջանակներում հայտնաբերված՚ ավելի ծանր մեղադրանքներ հարուցելու հնարավորություն ունենալու համար, ինչը, սակայն, տեղի չունեցավ իրենից անկախ պատճառով, քանի որ ձերբակալվածը չհամաձայնեց սուտ ամբաստանել իր հրամանատարին, որի համար էլ առ այսօր բանտում է:
- ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը, որը ստեց և չհաստատեց Ժիրայր Սէֆիլյանի մոտ գտնվող ատրճանակի` մարտական պարգև, ուստի` օրինական լինելը և խայտառակվեց, քանի որ դատաքննության ընթացքում, ոմանց համար անսպասելի, ներկայացվեցին զենքի օրինականությունը հաստատող փաստաթղթերը:
- Դատարանները, որոնք բացարձակապես անօրինական հիմնավորումներով նախ երկարաձգում էին նախնական կալանքի ժամկետը, իսկ հետո պատվիրված դատավճիռ կայացրեցին և նույնիսկ այդ մեղադրանքի համար անհամաչափ խիստ պատիժ կիրառեցին` պնդելով, թե ՙթեև զենքն օրինական էր, բայց այն Սէֆիլյանին էր տրամադրվել ինչ-որ կարգի խախտմամբ՚, ուստի մեկուկես տարի ազատազրկում:
- Քրեակատարողական մարմինները, որոնք ապօրինի կերպով Ժիրայր Սէֆիլյանին զրկեցին պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքից:
- Ոստիկանությունը, որը դիմել է վարչական դատարանին Ժիրայր Սէֆիլյանին արտաքսելու պահանջով` շատ լավ իմանալով, որ օրենքն արգելում է արտաքսել խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող անձին:
Այսօր հերթական քաղաքական պատվերն է իջեցված վարչական դատարանին, որին ստիպում են արտաքսման որոշում կայացնել հակառակ այն փաստի, որ Ժիրայր Սէֆիլյանն ընտանիքի հետ Հայաստանում է բնակվում արդեն 17 տարի, խնամքի տակ ունի երկու անչափահաս երեխա, մի քանի անգամ դիմել է ՀՀ քաղաքացիություն, ինչպես նաև Հայաստանում գտնվելու օրինական կարգավիճակ ստանալու համար:
Հիրավի օրինաց երկիր…
Իբրև պատերազմի տարիներին 23 տարեկան հասակում Լիբանանից կամովին հայրենիքը պաշտպանելու եկած զինվոր, Արցախյան Ազատամարտի ամենահայտնի զորամասերից մեկի հրամանատար, ազգային-հասարակական գործիչ` իր կենսագրությամբ Ժիրայր Սէֆիլյանը վաստակել է իր հայրենիքում առանձնահատուկ հարգանքի և գնահատանքի արժանանալու իրավունքը:
Մինչդեռ ՙՕրինաց Երկիրը՚ և Կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունները չեն արտահայտել ազգային հերոսի նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունների հանդեպ իրենց վերաբերմունքը և շարունակում են լռակյաց դիտել հալածանքների ուժգնացող շղթան:
Մենք պահանջում ենք անհապաղ գնահատական տալ Ժ. Սէֆիլյանի հանդեպ իշխանությունների բոլոր գործողություններին, դիրքորոշում հայտնել նրան ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցի վերաբերյալ և պահանջել անհապաղ դադարեցնել Սէֆիլյանին արտաքսելու գործընթացը:
Ակնկալում ենք ձեզանից հրապարակային պատասխան մինչև Ժ. Սէֆիլյանի ազատազրկման ժամկետի ավարտը` սույն թվականի հունիսի 9-ը:

ՙՀԻՄԱ՚ երիտասարդական նախաձեռնություն
ՙՀատուկ Գունդ՚ երիտասարդական նախաձեռնություն
4 հունիսի, 2008թ.

No comments: