Friday, April 25, 2008

Նամակ Հ1-ին - նախագիծ

Բոլորիս համար ակնհայտ էր, որ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների որակը վերջնականապես ձևավորելու է Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը: Զբաղված լինելով Արևմուտքից ընտրական պրոցեսների բացասական կողմերը քողարկելով, մեր իշխանությունների ռեսուրսները չհերիքեցին նույնանման ուշադրության արժանացնել նաև հայ քաղաքացուն: Ուստի առճակատումն անխուսափելի էր…
Սակայն անգամ ամենահոռետես քաղաքացիները չէին ակնկալում, որ այն կբերի այսքան ողբերգական ներքին զարգացումների: Կան զոհվածներ, կան ձերբակալվածներ, կան վիրավորներ, կան ընկճվածներ… միայն շահող չկա: Այս ամենի արդյունքում տուժեց հայությունը: Մեր հասարակության մեջ նկատվում է աննախադեպ պառակտվածություն: Եվ այդ պառակտումը հատկապես զգալի է երիտասարդության շրջանում: Էությամբ լինելով ըմբոստ և ազատատենչ նրանք բաժանվեցին երկու, իրար չընկալող ու չհասկացող ճամբարների: Իրար հետ մեծացած, միասին մանկությունն անց-կացրած քսանամյա տղաներն այլևս իրար չեն ընկալում որպես մանկության ընկերներ: Եվ դրա պատճառը միակն է` նրանք ստացել են տեղեկատվություն տարբեր լրատվամիջոցներից: Նրանք տիրապետում են բացարձակապես իրարամերժ տեղեկությունների, ուստի իրար չեն կարող լսել ու հասկանալ:
Մենք չենք պատրաստվում անդրադառնալ միակողմանի ինֆորմացիայի տարածման գործում Ձեր հեռուստաալիքի մասնաբաժնին, սակայն բոլորին է ակնհայտ, որ այսօր հասարակության կողմից Հանրային Հեռուստաալիքը չի ընկալվում որպես հանրային: Այդ իսկ պատճառով պահանջում ենք ձեզանից կամք դրսևորել և լինել այն հեռուստաալիքը, որի առաքելությունը Դուք ունեք և որի համար ֆինանսավորում եք ստանում պետական բյուջեից: Մենք պահանջում ենք, որպեսզի դուք կատարեք Ձեր նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պարտավորություններին, մասնավորապես
1. տրամադրել ամբողջական և անաչառ տեղեկատվություն,
2. անդրադառնալ հասարակությանը հուզող հարցերին:

Եթե առաջին պահանջը կատարելու համար պարզապես պետք է վերացնել գրաքննությունը ձեր հեռուստաալիքում, ապա երկրորդ պահանջը կյանքի կոչելը միգուցե այնքան էլ հեշտ չէ: Մենք Ձեզ կոչ ենք անում սկսել երիտասարդությունից, ոչ միայն որովհետև (ինչպես վերը նշվեց) այն մեր հասարակության ամենազգայուն մասն է, այլ նաև այն պատճառով, որ երիտասարդությունն է ցանկացած ազգի հպարտությունն ու շարժիչ ուժը, ուստի մենք պարտավոր ենք այնպես անել, որ մեր երիտասարդները լինեն միասնական և համերաշխ:
Այդ իսկ պատճառով կոչ ենք անում Ձեր եթերում ժամանակ հատկացնել և բանավեճերի միջոցով գտնել շփման եզրեր այլախոհ երիտասարդների միջև: Մեր խորին համոզմամբ դրա ամենաարդյունավետ միջոց հանդիսանում է այլակարծիք երիտասարդների և հասարակության կողմից ընդունված և հարգված այրերի միջև առողջ բանավեճը:
Սակայն, եթե այդպիսի հաղորդումների ընթացքում դուք հրավիրեք միայն իշխանություններին սպասարկող կուսակցությունների երիտասարդական թևերի կամ ԲՈՒՀ-երի քաղաքկանացված ուսանողական խորհուրդների անդամների և ծավալեք “ֆիկտիվ” և բովանդակությունից զուրկ քննարկում, ապա վստահ եղեք, որ այդ նախաձեռնությունը դատապարտված է ձախողման, քանզի հասարակությունը վաղուց է հոգնել նման թատերական խեղկատակություններից:
Մենք հետամուտ ենք լինելու այս առաջարկի կյանքի կոչմանը և պատրաստ ենք օգնել հնարավորի սահմաններում: Իսկ եթե զգաք իրական բանավիճելու պատրաստ մարդկանց կարիք, ապա “ՀԻՄԱ” երիտասարդական նախաձեռնության հարյուրավոր անդամներից յուրաքանչյուրը Ձեր տրամադրության տակ է:

24.04.2008 “ՀԻՄԱ” երիտասարդական նախաձեռնություն

No comments: