Tuesday, April 29, 2008

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՄՈՒԼԸ` ՚ՈՉ ԱԶԱՏՙ

Այսօր Վաշինգտոնում տեղական ժամանակով ժամը 14-ից 15.45-ը Freedom House հեղինակավոր կազմակերպությունը կհրապարակի իր ամենամյա զեկույցը 195 երկրներում մամուլի ազատության վիճակի վերաբերյալ: Նման հետազոտություններ անց են կացվում 1980 թվականից ի վեր:

Արդեն հայտնի է, որ հինգերորդ տարին անընդմեջ հայաստանյան մամուլը Freedom House-ի կողմից գնահատվել է որպես ՚ոչ ազատՙ:

՚Մասնավոր թերթերից քչերն են ինքնաֆինանսավորվող, եւ մեծ մասը կախված են գործարար շրջանակներից ու իշխանական կապերից: Հեռուստաընկերությունների մեծ մասը եւս տնօրինում են կա’մ իշխանամետ քաղաքական գործիչները, կա’մ իշխող կուսակցության հետ կապեր ունեցող գործարարներըՙ,- ընդհանուր գծերով Freedom House-ը այսպես է ներկայացրել հայաստանյան լրատվական դաշտը:

2007 թվականին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Հայաստանը խոսքի ազատության բնագավառում մի փոքր նահանջ է արձանագրել, եւ այժմ աշխարհի շուրջ 195 երկրների շարքում զբաղեցնում է 144-րդ հորիզոնականը` կիսելով այն Գվինեայի, Մալդիվյան Հանրապետության, Մոլդովայի եւ Պակիստանի հետ:

Անդրադառնալով այդ նահանջի շարժառիթներին` կազմակերպության հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը ՚Ազատությունՙ ռադիոկայանի հետ զրույցում առանձնացրել է հատկապես իշխանությունների կողմից ճնշումները, որոնք, զեկույցի համաձայն, ՚իրենց գագաթնակետին են հասել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչպես նաեւ տարեվերջին` 2008 թվականի նախագահական ընտրությունների շեմինՙ:

Կազմակերպությունը նշում է, որ քարոզարշավի ընթացքում, ըստ լրատվական դաշտը դիտարկող խմբերի, էլեկտրոնային լրատվամիջոցները իրենց հաղորդումներում առավելապես իշխանամետ են եղել, թեեւ ընդդիմադիր թեկնածուները, ի տարբերություն նախորդ ընտրական շրջանների, այս անգամ ավելի շատ լուսաբանման են արժանացել:

՚Էլեկտրոնային լրատվամիջոցների մոնիտորինգը ցույց է տալիս, որ նախագահի երկու առաջատար թեկնածուների լուսաբանումը խիստ կանխակալ է եղել. նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ստացել է առավելապես դրական լուսաբանում, նախկին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանը` խիստ քննադատականՙ, - փաստում է Freedom House-ը:

՚Lրատվամիջոցների նկատմամբ ճնշում կար` չլուսաբանել ընդդիմադիր գործիչներինՙ, - գրում է հեղինակավոր կազմակերպությունը եւ փաստում, որ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ինտենսիվ ճնշումների է ենթարկվել, երբ հեռարձակել է առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը. - ՚Հարկային մարմինները սկսեցին ստուգումներ իրականացնել հեռուստաընկերությունում, ինչը ներկայանում է որպես իշխանությունների կողմից աջակցվող ջանք` կայանը փակելու նպատակովՙ:

Զեկույցը հիշատակում է նաեւ ՚Չորրորդ իշխանությունՙ թերթի խմբագրության շեմին անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած պայթյունը, որը փորձագետները կապում են իշխանությունների հասցեին ընդդիմադիր պարբերականի տպագրած քննադատական հրապարակումների հետ: Նշվում է, որ թերթի լրագրողները տարվա ընթացքում բանավոր եւ ֆիզիկական հարձակումների են ենթարկվել:

Սկզբնաղբյուր www.a1plus.am

No comments: