


Համաժողովրդական շարժման կենտրոնի նախաձեռնած պիկետի մասնակիցները ՀՌԱՀ-ից պահանջում էին ԵԽԽՎ բանաձեւի կետերի իրագործում, օբյեկտիվ լրատվության ապահովում, ՚Ա1+ՙ եւ ՚Նոյան Տապանՙ հեռուստաընկերությունների վերաբացում, ինչպես նաեւ ՀՌԱՀ-ի վերակազմավորում:
՚Իշխանությունը բռնազավթած ապօրինի վարչախումբը շարունակում է վարել քոչարյանական ավազակապետական ռեժիմի տխրահռչակ քաղաքականությունը` ոտնահարելով ՀՀ քաղաքացիների անաչառ, օբյեկտիվ եւ բազմակողմանի լրատվություն ստանալու իրավունքըՙ,-հայտարարում էին պիկետի կազմակերպիչները:
ՀՌԱՀ-ին ուղղված հայտարարության մեջ նշված էր.. ՚Ընդունելով, որ այս իշխանության գոյության պայմաններում անհնար է այս ոլորտում պատկերացնել դրական արմատական փոփոխություններ` միաժամանակ մեր խնդիրն ենք համարում պայքարելու ազատ մամուլի ու ազատ խոսքի վերականգնման համար: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից պահանջում ենք հրաժարվել հանրային հեռուստաընկերությունը բացառապես իշխանության խոսափողը դարձնելու ստորացուցիչ քաղաքականությունից եւ ապահովել իրապես անաչառ եւ չեզոք լրատվությունՙ:
Հայտարարությունը հանձնելուց հետո պիկետի մասնակիցները երթով հասան մինչեւ ռադիոտուն,որտեղ տեղակայված է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը : Այստեղ եւս նրանք նույն պահանջը ներկայացրեցին եւ հանձնեցին նույն հայտարարությունը: Այսօրվա պիկետը ՚հսկումՙ էին ոստիկանության եւ ազգային անվտանգության աշխատակիցները:
Ի դեպ, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանն այսօր հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ: ՚Իմ հրաժարականի վերաբերյալ պահանջները մեկ անգամ չէ, որ հնչել են ընդդիմության ներկայացուցիչների կողմից, սակայն ուզում եմ հիշեցնել, որ այս պաշտոնին իմ նշանակումն ուժի մեջ է ընդհուպ 2013 թվականը։ Եվ եթե մինչեւ այդ ժամանակը որեւէ բան չպատահի, ապա ես չեմ պատրաստվում հրաժարական տալ կամ փոխել աշխատավայրըՙ, -ասել է Ալեքսան Հարությունյանը:
Աղբյուր www.a1plus.am
No comments:
Post a Comment