Sunday, May 4, 2008

"Թերթակարդություն" ակցիա՝ մամուլի միջազգային օրվա կապակցությամբ




Մայիսի 3-ին` մամուլի միջազգային օրը, "Հիմա" երիտասարդական նախաձեռնությունն անց-կացրեց "Թերթակարդություն" ակցիան: Ուղիղ ժամը 17:00 "Հիմա"-յի երիտասարդները մեկ շարքով կանգնեցին Ազգային Ժողովի դիմաց և սկսեցին կարդալ իրենց հետ բերած թերթերը՝ հիմնականում "Չորրորդ Իշխանություն", որի մասին ասում են, թե արգելված է ընթերցել Ազգային Ժողովում: Այդ ընթերցանությունը նկարահանում էր նաև իրավապահ մարմիններով շրջապատված օպերատորը: Ստեղծվել էր տպավորություն, որ այդ օպերատորը կաշկանդում է ընթերցողներին, քանի որ նա անընդհատ փորձում էր ընդհուպ մոտենալ ակցիայի մասնակիցներին և խոշորագույն պլանով նկարահանել նրանց դեմքերը: Երիտասարդները սկսեցին կարդալու ընթացքում պտտվել, ինչը լրացուցիչ դժվարություններ առաջացրեց օպերատորի համար և նա նահանջեց՝ բավարարվելով ակցիայի մասնակիցներին մի-փոքր հեռվից նկարահանելով:
Հինգ րոպե ընթերցանությունից հետո երիտասարդները՝ շարունակելով բարձրաձայն ընթերցանությունը, երթով շարժվեցին դեպի Արամ Խաչատրյանի արձան: Ճանապարհին նրանք հետաքրքրված անցորդներին էին բաժանում "Չորրորդ իշխանություն", "Առավոտ", "Հայկական Ժամանակ", "Ժամանակ Երևան", "Հայք" թերթերը: Երթի ընթացքում երիտասարդներին ուղեկցում էր Պարեկային ավտոմեքենան:






Արամ Խաչատրյանի արձանի մոտ ևս մեկ էջ ընթերցելուց հետո հիմայականները շարունակեցին երթը Մաշտոցի պողոտայով դեպի վար: Երբ խումբը մոտեցավ Ազատության Հրապարակի մատույցներին, ոստիկաններն անմիջապես ոտքի կանգնեցին և փակեցին մուտքը Ազատության Հրապարակ: Սակայն հիմայականների երթուղին այլ ընթացք ուներ՝ նրանք ուղղություն էին բռնել դեպի Ամիրյան-Մաշտոց խաչմերուկ, որտեղ նախատեսված էր հաջորդ կանգառը: Ճանապարհին բաժանելով ևս մի-քանի տասնյակ թերթեր նրանք անցան վերոհիշյալ խաչմերուկով և մտան Հանրապետության Հրապարակ, որտեղ նախատեսված էր նախավերջին կանգառը:



Այնուհետև երթի մասնակիցները գնացին Հյուսիսային պողոտա, որտեղ երթն ավարտվեց խաշած լեզվի համտեսմամբ՝ խորհրդանշելով, որ ՀԻՄԱ-ն հենց հիմա լծվում է ազատ մամուլի զարգացման բոլոր խոչընդոտները վերացնելու դժվար գործին:





ՀԳ. Երթի ընթացքում հիմայականներին միացան տարբեր մարդիկ՝ երիտասարդներ և ծերեր, սակայն երթի մասնակիցների քանակը չհատեց 100-ի սահմանը, ուստի ակցիան անց-կացնելու համար որևէ մեկին իրազեկելու անհրաժեշտություն չկար: Քաղաքային տրանսպորտի երթևեկությանը նույնպես վնաս չի հասվել, քանզի խաչմերուկները հատվել են բացառապես կանաչ լույսի ներքո:


No comments: