Thursday, May 15, 2008

APR GROUP-ի նոր սոցիոլոգիական հարցումների արդյունքները

APR GROUP այն եզակի սոցիոլոգիական հարցումներով զբաղվող ընկերությունն է, որը ճիշտ էր կանխորոշել ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքում առաջին երկու տեղը գրաված թեկնածուներին:
Մայիսի 8-14-ը APR GROUP սոցիոլոգիական ընկերությունը «Առավոտի» պատվերով հեռախոսային հարցում է անցկացրել Երեւանի 663 բնակիչների շրջանում: Թեման՝ Հայաստանի նոր կառավարությունն էր: Ինչպես միշտ, հարկ ենք համարում հիշեցնել, որ մենք ընդամենը փոխանցում ենք հարցման տվյալները եւ բոլոր ոգեւորվածներին ու դժգոհներին խորհուրդ ենք տալիս դիմել APR Group՝ 091-300-748 հեռախոսահամարով:

Եվ այսպես, «Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր կառավարությունից» հարցին մեր համաքաղաքացիների 43,59%-ը պատասխանել է՝ «ոչինչ էլ չի փոխվի»: Լավատեսները՝ «ամեն ինչ կփոխվի դեպի լավը» պատասխանով, նույնպես քիչ չեն՝ 41,63%: Ավելի փոքր տոկոս են կազմում նրանք, ում կարծիքով «ամեն ինչ կփոխվի դեպի վատը»՝ 13,73%, եւ միայն 1,06%-ն է դժվարացել պատասխանել այդ հարցին:

Հաջորդ հարցը «բաց» է եղել. քաղաքացիները պիտի իրենք նշեին պատասխանի մինչեւ երեք տարբերակ՝ «Որո՞նք են այն առաջնային հարցերը, որոնց լուծմանը պիտի ուղղված լինի կառավարության գործունեությունը» հարցին: Ամենամեծ՝ 42,08%-ը, ստացել է «գնաճի կանգնեցում» պատասխանը, դրանից հետո գալիս է «աշխատատեղերի ստեղծում» տարբերակը՝ 37,1%, «սոց. խնդիրների լուծում» է նախընտրում 28%-ը: Իսկ ահա «մարտի 1-ի իրավական գնահատականը» հուզում է ընդամենը 3,32%-ին, համարյա նույնքան են այն երեւանցիները, ում հուզում է «Ղարաբաղի հարցի լուծումը»՝ 3,77%: Պատասխանի մյուս տարբերակներում էլ գերակշռող թիվ են կազմում սոցիալական բնույթի խնդիրները:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ Առավոտ-ի այսօրվա համարում:

No comments: